Հովհաննես Սահակյանը հրաժարվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից
Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ով նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի աշխատանքները ծանրաբեռնված են, և առաջիկայում էլ մի շարք նախագծեր են գալու, որոնք շատ կարևոր են և աշխատատար, ապա իր կարծիքով` ժամանակի խնդիր է առաջանալու:
«Այդ իսկ պատճառով Ազգային ժողովի նախագահին ներկայացրեցի իրավիճակը. նա քաջատեղյակ է հանձնաժողովի աշխատանքերին: Մեր խմբակցության ղեկավարի հետ ևս խոսել եմ, և եկանք համատեղ եզրահանգման: ԱԺ նախագահը չմերժեց իմ առաջարկը, այն է՝ մաս չկազմել կամ անդամ չլինել էթիկայի հարցերով հանձնաժողովին»,-ասաց Հովհաննես Սահակյանը:
Վերջինս ասաց նաև, թե Ազգային ժողովի նախագահին առաջարկել է ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
«Այդ հարցը գտնվում է մեր խմբակցության տիրույթում և շուտով քննարկվի»,-տեղեկացրեց պատգամավորը:










