ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակն այս տարի կստանա Cisco ընկերության ներկայացուցիչը

15:23 • 10.09.14

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն այս տարի կստանա Cisco ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան: Հրավիրված մամուլի ասուլիսում այսօր այս մասին տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:


«Մրցանակի ստեղծումը ՏՏ ոլորտին ՀՀ նախագահի աջակցության ավելի լայն ծրագրի մի մասն է միայն: Սրանք կարևոր երևույթներ են Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու, դեպի Հայաստան զբոսաշրջությունը բարձրացնելու առումով»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ այս ծրագիրն իրականացվում է արդեն հինգերորդ տարին, և այն ինչ-որ առումով նաև մաս է կազմում ՀՀ Նախագահի հանձնարարությամբ մշակված և իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության:


Համաշխարհային ՏՏ մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ իր հերթին նշեց, որ մրցանակը չունի դրամային արտացոլում, բայց կան ծախսեր՝ մրցանակակրի Հայաստան գալու հետ կապված, որը կազմակերպում է «» ընկերությունը, ով միակ հովանավորն է:


«Այս տարի հինգերորդ մրցանակն է շնորհվելու: Յուրաքանչյուր մրցանակակիր Հայաստան գալիս, դասախոսություններ է անցկացնում, ինչը մեծ պատիվ է մեզ համար»,-ասաց Հովիկ Մուսայելյանը՝ հատկապես ընդգծելով, որ ծրագրի նպատակն այն է, որ աշխարհի տեղեկատվական ոլորտում մեծ ներդրում ունեցող մարդիկ գան Հայաստան, մեզ ավելի ծանոթ դարձնեն այդ ամենին:


«Շատ հավակնոտ էր այդ ծրագիրը, ինչ-որ տեղ նաև անիրականանալի էր թվում, քանի որ այն մարդիկ, ովքեր ընտրվում էին որպես մրցանակակիր, իրականում շատ բազմազբաղ են»,-հաղորդեց Հովիկ Մուսայելյանը՝շարունակելով, թե այս մրցանակը խորհրդանշական է նաև նրանով, որ մրցանակային ֆոնդ չկա։

«Այն մարդիկ, ովքեր ստանալու են այդ մրցանակը, դրամի խնդիր չունեն, խնդիրը երկիրը ներկայացնելն է, մեր մրցակցային առավելությունները ներկայացնել է, և այդ մարդկանց ամբողջ աշխարհում Հայաստանի դեսպանները դարձնելն է»,-ընդգծեց Հովիկ Մուսայելյանը՝ շարունակելով, որ մրցանակակրին ընտրելիս աշխարհագրության խնդիր չի դրված, այլ այն, թե ընկերություններն այս պահին ՏՏ ոլորտում համաշխարհային ինչ ներդրումներ ունեն:


Ծրագրի հովանավոր, «Վիվա Սելլ» ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանն ասաց, թե համագործակցության առաջին օրվանից հետաքրքրված են մեր երկրի զարգացմանը, ճանաչմանը նպաստելու գործում։


«Այս ծրագիրը թիրախային է, և մենք առաջին իսկ օրվանից այս ծրագրի կողքին ենք: Շատ ենք կարևորում, որ Հայաստանն օրեցօր ավելի ճանաչելի լինի գլոբալ աշխարհում»,-նշեց Ռալֆ Յիրիկյանը:


Նշենք նաև, որ համաշխարհային ՏՏ մրցանակի առաջին դափնեկիրը «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետն է: Երկրորդ մրցանակակիրը «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն է, երրորդ դափնեկիրը «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկա Ֆաջինն է, չորրորդ դափնեկիրը՝ «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:

 



 

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակն այս տարի կստանա Cisco ընկերության ներկայացուցիչը