Ոստիկանությունն ի զորու է կատարել իր առջև դրված խնդիրը նաև «թեժ աշնանը». Երևանի ոստիկանապետ

17:06 • 11.09.14

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանն այսօր կայացած ասուլիսին ի պատասխան լրագրողների՝ քաղաքական «թեժ աշնան» մասին դիտարկմանը, ասաց. «Ըստ իրավիճակի՝ ոստիկանությունն ի զորու է կատարել իր առջև դրված խնդիրը»։


Անդրադառնալով իր համբավն արատավորող և իր հասցեին մեղադրանքներ hնչեցնող տարբեր քաղաքացիների կողմից արված մի շարք հայտարարություններին և պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված, որ իրեն այդքան չսիրողներ կան, Աշոտ Կարապետյանն ասաց. «Բայց կան նաև սիրողներ էլ, բոլորին էլ կան սիրողներ և չսիրողներ»:


Մեկնաբանելով իր հասցեին Շանթ Հարությունյանի արած հայտարարությունը, թե ոստիկանապետը զենքով սպառնացել է իրեն՝ Աշոտ Կարապետյանն ասաց, որ առաջինը հենց այդ պահին լրագրողից լսեց այդ մասին:


Իսկ Շանթի և ընկերների գործով դատախազի առաջարկած պատժի մասին ավելացրեց. «Դատարանի վճիռ դեռ չի եղել, ես չեմ կարող իրենց գործառույթներին գնահատական տալ: Մենք ընդամենը ֆիքսել ենք հանցագործություն»:


Ոստիկանապետն անդրադարձավ նաև Գրիշա Վիրաբյանի գործին, ով Աշոտ Կարապետյանին մեղադրում էր իրեն դաժան ծեծի ենթարկելու մեջ, ինչի հետևանքով Վիրաբյանը կորցրել է ամորձին: «Երբ ես նշանակվեցի ոստիկանության Երևանի վարչության պետ, ես Գրիշա Վիրաբյանի հետ կապված բոլոր հարցերին պատասխանել եմ: Ես ցանկություն չունեմ որևէ մեկի քմահաճույքը կատարելու, պատրաստ եմ դատարանի առջև կանգնելու ցանկացած վճռի դեպքում: Ես իր հետ ժամանակին քրեական գործով առնչվել եմ: Ես Գրիշա Վիրաբյանով չեմ հետաքրքրվում, իմ աշխատանքը ծանր աշխատանք է: Ինքն ինձ չի հետաքրքրում»: