Արմավիրում բերքատու ծառերը չորանում են. գյուղացիները ոռոգման ջրի խնդիր ունեն
Արմավիրի մարզի մի շարք համայնքներում ջրի սակավության պատճառով բերքատու ծառերը սկսել են չորանալ և տերևաթափ լինել, նվազել է խաղողի, բանջարեղենի բերքը: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Արմավիրի մարզի Արտամետ համայնքի գյուղապետ Անահիտ Դավթյանը՝ ներկայացնելով իրենց համայնքում տիրող իրավիճակը:
«Ծառերը չորացել են, տերևաթափ են եղել արդեն այս սեզոնին: Այս տարի ջուր գրեթե չեն տվել, մի երեք օր տալիս են, մի 10 օր չեն տալիս, խառը ժամանակացույց է կազմված, արդյունքում բերքը փչանում է: Այս սեզոնին հասնող բոլոր բերքատեսակները վնասներ են կրում»,-ասաց նա՝ նշելով, որ նույն վիճակում է նաև բանջարեղենը, մարդիկ նախորդ տարվա համեմատ քիչ են բերք ստանում:
Գյուղապետը նաև ասաց, որ առվույտներն այս տարի ընդհանրապես չեն կարողացել ջրել, մինչդեռ նախորդ տարիներին նորմալ է եղել ջրամատակարարումը, բոլորն էլ նորմալ բերք են ստացել:
Արտամետի բնակիչ Մարտիրոս Օհանյանն էլ դժգոհեց, որ ջրի սակավության պատճառով խաղողի բերքը գրեթե 40-45 տոկոսով չամիչի ձև է ընդունել: «Որ պիտի հանձնեինք մոտ 7 տոննա բերք, հանձնում ենք 4-5 տոննա: Խաղողի շաքարայնությունն է բարձրացել, բայց դե՝ դրա համար գինը չի փոխվում: Եվ ինչքան բարձր է շաքարայնությունը, այնքան ավելի թեթև է»,-ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ ջուրն այս տարի քիչ են տալիս, ճիշտ է՝ կաթիլային համակարգ են ներդրել, բայց ջուրն այնքան քիչ է, որ դա էլ չի օգնում:
Իսկ թե ջրամատակարարներն ինչ պատճառաբանություն են ներկայանցում գյուղացիներին, Արտամետի բնակիչն ասաց. «Ասում են, որ ջուր չկա, Ախուրյանի ջրամբարում ջուրը սակավ է: Նախապես զգուշացնում են, թե երբ ջուր կտան, բայց այնքան քիչ են այդ օրերը, որ հողատերերը չեն հասցնում ոռոգել բոլոր դաշտերը»:










