ԵՄ նոր պատժամիջոցները կտարածվեն 24 ֆիզիկական անձի վրա

21:35 • 11.09.14

Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթում 24 նոր ֆիզիկական անձ է ներառվել, այդ թվում` Դոնբասի առաջնորդները, Ղրիմի կառավարության անդամներ, ռուս ղեկավարներ և ձեռներեցներ: Газета.Ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական փաստաթղթում:


«Այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ մուտքի արգելք կսահմանվի, և ում ակտիվները կսառեցվեն, 24 մարդու անուն կավելանա: Նրանց թվում կհայտնվեն այն անձինք, ովքեր ներգրավված են Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններում», -ասվում է հաղորդագրության մեջ:


Այսպիսով, ԵՄ պատժամիջոցներին ենթարկվող անձանց ընդհանուր թիվը հասել է 119-ի: Բացի այդ, ԵՄ-ն նախկինի պես սառեցրել է 23 իրավաբանական անձի ակտիվները:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ին: