ՌԴ պետդումայում «Գազպրոմին» առաջարկել են դադարեցնել գազամատակարարումը Եվրոպա

16:07 • 11.09.14

ՌԴ պետդումայի արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գուտենյովն առաջարկել է «Գազպրոմ» էներգետիկ ընկերությանը դադարեցնել գազամատակարարումը Եվրոպա, որպեսզի վերջինս չվերաուղարկի «կապույտ վառելիքն» Ուկրաինա: Այդ մասին Գուտենյովը պատմել է «Известия» թերթին:

 

«Դեռ «Գազպրոմ»-ից պատասխան չի ստացվել, իսկ ռուսական գազը եվրոպական գնորդների կողմից Ուկրաինա վերաարտահանման մասին տեղեկությունը հաստատվում է»,- բացատրել է Գուտենյովը:

 

Նա նշել է, որ նպատակահարմար է գտնում ուկրաինական երթուղով մատակարարումների սահմանափակման կամ դադարեցման մասին հարցի քննարկումը:

 

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերին հասցեագրված նամակում Գուտենյովը նշում է, որ իր նախաձեռնությունը կապված է ընտրողների դիմումների քանակի աճի հետ:

 

Ավելի վաղ Լեհաստանի և Գերմանիայի գազային ընկերությունների ներկայացուցիչները հայտնել էին Ռուսաստանից գազամատակարարման ծավալների կրճատման մասին: