Քառյակը միասին կքննարկի և նոր միայն կորոշի՝ իշխանափոխության պահանջ դնե՞լ հանրահավաքին, թե՞ ոչ. Ռուբեն Հակոբյան

15:04 • 11.09.14

Առայժմ միասնական գնահատական դեռ չենք տվել, բնականաբար, պետք է միասին քննարկենք, որոշենք. լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցի, թե արդյոք իշխանափոխության պահանջը կդրվի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:


«12 կետերը, եթե ուշադիր ընթերցել եք, ունի նաև նախաբան, ունի ընդհանուր գնահատականներ և այդ կետերի տրամաբանության մեջ, այո՛, կա իշխանափոխության խնդիրը, եթե դրանք չեն իրականացվում: Բայց պետք է միասին քննարկենք, որոշենք։ Ժամկետն էլ մինչև սեպտեմբերի 30-ն է, կավարտվի, միասնական գնահատական կտանք»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու «Ժառանգությունը» չէր մասնակցում քառյակի երկու գործընկերների` ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպմանը՝ Ռուբեն Հակոբյանը զարմացավ. «Իսկ ինչո՞ւ պիտի մասնակցեր «Ժառանգությունը»»։


Նա խորհուրդ տվեց՝ ընդունել որպես ուղղակի աքսիոմա, որ եռակողմ կամ երկկողմ հանդիպումներ կարող են լինել: «Որևէ խնդիր չենք տեսնում, որ կան երկկողմ ու եռակողմ հանդիպումներ: Շատ նորմալ ենք դիտում, և որևէ խնդիր չկա այստեղ, չեմ կարծում, որ խնդիր պետք է առաջանա»,- նշեց նա։


Իսկ թե «Ժառանգության» ու ԲՀԿ-ի հանդիպում նախատեսվում է, պատգամավորը պատասխանեց. «Դրանք միշտ կան օրակարգում, աշխատանքային հանդիպումներ են, կան որ այդ հանդիպումներից լրատվությունը տեղյակ չի լինում կամ անհրաժեշտություն չենք համարում հայտնել այդ մասին, բայց որևէ խնդիր մենք չենք տեսնում»: