Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ կան, բայց հիմա պաշտոնական դիրքորոշման մասին խոսելը վաղաժամ է. ԱԴ խոսնակ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում քննարկվում է սահմանադրական բարեփոխումների հարցը, բայց որևէ որոշման կամ պաշտոնական դիրքորոշման մասին խոսելն այս պահին ավելորդ է:
Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, որ ըստ մամուլի՝ ԱԴ-ում կուսակցության քաղաքական խորհրդի մակարդակով որոշված է պաշտպանել սահմանդրական փոփոխություններով նախատեսվող՝ կառավարման խորհրդարանական մոդելը:
«Այս պահին վերջնական դիրքորոշման մասին խոսելը վաղ է նաև այն պատճառով, որ սահմանդրական փոփոխությունների հայեցակարգն անգամ չի ներկայացվել հանրությանն ու քաղաքական ուժերին, և գոյություն չունեցող, օդից վերցրած ինչ-որ նախադասությունների մասին խոսելն ու դիրքորոշում հայտնելն ավելորդ է ու անլուրջ»,-ասաց Անժելա Խաչատրյանը:
Ի պատասխան հարցի, թե քանի որ կուսակցությունում քննարկումներ ընթանում են, և հայտնի է, որ նախատեսվում է կառավարման խորհրդարանական մոդել, ապա կարելի՞ է ենթադրել, որ կուսակցությունում կլինեն «դեմ» և «կողմ» կարծիքներ, և հետևաբար, ինչ տրամադրվածություններ կան, ԱԴ մամուլի խոսնակն ասաց. «Որոշումը, որին կհանգենք, կլինի կոլեգիալ որոշում, հարգվելու է բոլորի կարծիքը»:










