Միակ վտանգը ռեվանշիզմի և օլիգարխիայի սերտաճումն է. Է. Շարմազանովը՝ իշխանության վերարտադրման ՀԱԿ և ԲՀԿ մտահոգության մասին
Ոչ իշխանական կուսակցություններից շատերը մեկ տարի առաջ առաջարկում ու պահանջում էին իշխանություններից, որ իշխանությունը հաստատի սահմանադրական բարեփոխումներ, և նաև իրենց օրակարգում է սահմանադրական բարեփոխումների հարցը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հիշեցրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամների այն մտահոգությանը, թե սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրման վտանգ են պարունակում:
«Պարզից էլ պարզ է, որ համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: Կարծում եմ, որ այսօր ապագային միտված վտանգը պետք է դիտել ոչ թե սահմանադրական բարեփոխումների անցկացման մեջ, ոչ թե խորհրդարանական համակարգի մեջ, ոչ թե, ինչպես իրենք են ասում, չնայած նման բան չկա, իշխանությունների վերարտադրման մեջ, այլ, իմ կարծիքով՝ ապագային միտված միակ վտանգը ռեվանշիզմի և օլիգարխիայի սերտաճումն է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ստացվում է իշխանության վերարտադրման մասին խոսք լինել չի կարող, պատասխանեց. «Անլուրջ է, սահմանադրական բարեփոխումները և համակարգային բարեփոխումները դարձնել թիրախ ու վտանգ ապագա զարգացումների համար: Հայաստանի համար վտանգ կարող են ներկայացնել ոչ թե սահմանադրական բարեփոխումները, այլ դրանց չիրականացումը»:










