Գումարի փոխանցման խնդիրներ պարբերաբար լինում են, զարմանալի է, որ ռուսական կողմը աղմուկ է սարքել. Air Armenia-ի տնօրեն

13:26 • 12.09.14

«Էյր Արմենիա» ընկերությունը ռուսական կողմին չի կարողանում գումար փոխանցել այն պատճառով, որ ՌԴ որոշ բանկերի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառված, և գումարի փոխանցման գործընթացը դժվարացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանն ընդգծեց, որ ռուսական «Ռոսգոսկորպորացիա» ընկերությունը շատ է շտապել՝ հայտարարելով, թե «Էյր Արմենիա» ընկերության չվերթները կդադարեցվեն սեպտեմբերի 21-ից:

 
«Մենք սեպտեմբերի 8-ին «Ռոսգոսկորպորացիային» խնդրել ենք այնպիսի հաշվեհամար մեզ փոխանցել, որին գումարը կհասնի առանց խնդիրների: Մեր պարտքը ռուսական կողմին կազմում է շուրջ 405 հազ. դոլարին համարժեք ռուբլի: Մենք այդ վճարները կանենք, ու չվերթները չեն դադարեցվի»,-ասաց նա:


«Էյր Արմենիա» ընկերության տնօրենը նաև ընդգծեց, որ նման խնդիրներ պարբերաբար լինում են, և զարմանալի է, որ այս անգամ ռուսական կողմը աղմուկ է բարձրացրել:


«Չեմ ուզում ենթադրություններով խոսել, թե ինչն է պատճառը նման պահվածքի, բայց ամեն անգամ, երբ մենք ավելացնում ենք մեր չվերթների ուղղությունները, ռուսական կողմը անհանգստություն է ցուցաբերում: Ասեմ, որ Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում մենք աշխատում ենք կանխավճարներով՝ թե նավթի լիցքավորման առումով, թե մյուս ծառայությունների»,-ասաց նա:


Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ռոսգոսկորպորացիան» ռուսական ընկերությունների պատվերն է կատարում, տնօրենը դժվարացավ պատասխանել, բայց միաժամանակ նշեց. «Երբ «Արմավիան» սնանկացավ, հույս ունեին, որ մոտ ապագայում հայկական փոխադրող չի լինի, և դա հնարավորություն կտա լիովին տիրել շուկային, սակայն «Էյր Արմենիան» վատ չմտավ շուկա: Եթե մեզ լուրջ չվերաբերվեին, նման քայլեր չէին անի»:


Արսեն Ավետիսյանը նաև ընդգծեց, որ այս աղմուկից իրենք որոշակի վնասներ կկրեն, և եթե սրանում ռուսական կողմը միտում ունի, ապա այն իրեն որոշակի կարդարացնի: