Հովիկ Աբրահամյանն այն մարդկացից է, ով կարող է ադեկվատ լուծում տալ. ԲՀԿ պատգամավորը՝ ստվերի կրճատման արդյունքների մասին

19:48 • 12.09.14

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը չի շտապում գնահատել՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվում է կրճատել ստվերը, զարգացնել տնտեսությունը։


«Մինչև մոնիթորինգ չլինի, թվերը չդնեն իրար կողքի, միանգամից չի երևալու: Տնտեսություն է, թվերով է պայմանավորված, ու տարեվերջյան հաշվետվության ժամանակ կիմանանք արդյունքները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

 

Ըստ նրա՝ 3-4 ամիսը շատ կարճ ժամանակահատված է` հասկանալու, թե տնտեսության մեջ փոփոխություններ կա՞ն, թե՞ ոչ:
Իսկ թե ընդհանուր առմամբ՝ այս Կառավարության քաղաքականության ուղղվածությունն ինչպես է գնահատում, Արագած Ախոյանը պատասխանեց. «Քաղաքականությունն էլ դեռ գնում է իր հունով, այն քաղաքականությունն է, որ ուներ նախկինում մեր Կառավարությունը, ուղղակի որոշակի փոփոխություններ կլինեն, իմ անձնական ակնկալիքները մեծ են: Պարոն Աբրահամյանին ճանաչելով` կարող եմ ասել, որ ինքն իսկապես այն մարդկաց թվին է պատկանում, ովքեր կարող են ադեկվատ լուծումներ տալ, անմիջապես հասկանալ արտադրողի դարդն ու ցավը, երկրի, տնտեսության զարգացման դարդն ու ցավը և կարողանում են ինչ-որ որոշումներ կայացնել, որոնք նպաստում են տնտեսության զարգացմանը»:

 

Ի դեպ, ԲՀԿ պատգամավորը վատ չի զգում, երբ նրան դիմում ենք որպես գործարար պատգամավորի, քանի որ կարծում է, որ գործարարությամբ զբաղվելը չի կարող խոչընդոտել օրենսդիր գործունեությանը: «Սահմանադրորեն արգելված է, բայց գործարարները մեր ազգի, մեր պետության հիմնական հենասյուներն են, որոնք տնտեսություն պիտի զարգացնեն, ճիշտ է` արգելված է, բայց քաղաքականությունն ու գործարարությունն այդքան էլ հեռու չեն, որովհետև այն մարդիկ, որ տիրապետում են այդ ոլորտին, ավելի լավ կաշխատեն և օրենքներն ընդունելուց քաջ կգիտակցեն` ինչի մասին է խոսքը»,-ասաց նա։