Ավստրալիան ահաբեկչական վտանգի «բարձր» մակարդակ է հայտարարել

10:22 • 12.09.14

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է երկրում ահաբեկչական վտանգի «միջինից» մինչև «բարձր» մակարդակի բարձրացման մասին, գրում է «Взгляд»-ը:

 

Չորեքշաբթի Ավստրալիայի դաշնային ոստիկանության և Քվինսլենդ նահանգի ոստիկանության աշխատակիցները հետախուզում են անցկացրել iQraa իսլամական կենտրոնում, որը գտնվում է Բրիսբեն քաղաքի հարավային արվարձան Լոգանում:

 

Արդյունքում ձերբակալվել է երկու մարդ՝ «Սիրիայի զինված հակամարտությանը մասնակցելու նպատակով մարդկանց հավաքագրելու, մեկնումը կազմակերպելու և ֆինանսավորելու» գործում ներգրավվածության կասկածանքով:

 

Միևնույն օրն իմիգրացիայի և սահմանների անվտանգության նախարար Սքոթ Մորիսոնը հայտնել է երկրի օդանավակայաններում անվտանգության համար վերահսկողությունը նշանակալիորեն խստացնելու պլանների մասին:

 

«Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները սպառնում են ոչ միայն Մերձավոր Արևելքին, այլև Ավստրալիային»,- ընդգծել է նախարարը: