Թմրանյութերի քաղաքականության հարցերով հանձնաժողովն առաջարկում է օրինականացնել գրեթե բոլոր թմրամիջոցները

15:30 • 12.09.14

Քաղաքական գործիչները գտնում են, որ ժամանակն է թմրամիջոցներն արգելելու փոխարեն դրանք օրինականացնել, որպեսզի առավել վերահսկելի լինեն, գրում է korrespondent.net-ը: Թմրանյութերի քաղաքականության հարցերով գլոբալ հանձնաժողովը (Global Commission on Drug Policy) կոչ է արել մասնակի կամ ամբողջապես օրինականացնել թմրամիջոցների մեծ մասը:

 

Հանձնաժողովն իր հրապարակած զեկույցում նշում է, որ չկա ոչ մի հատուկ մեթոդ, որով կարելի է պայքարել թմրանյութերի դեմ, սակայն առավել նպատակահարմար լուծում կլինի օրինականացնել դրանց մեծամասնությունը՝ օգտագործելով ալկոհոլի և ծխախոտի վաճառքի կարգավորման օրինակը:

 

«Պատժիչ գաղափարախոսության փոխարեն հարկավոր են ավելի մարդկային և արդյունավետ մոտեցումներ, որոնք հիմնված կլինեն գիտական ​​տվյալների վրա ու կօգնեն հանրային առողջության և մարդու իրավունքների սկզբունքների պահպանմանը»,- նշվում է փաստաթղթում:

 

Հանձնաժողովն ունի 22 անդամ: Զեկույցը պատրաստել է փորձագետների խումբ, որի անդամների թվում են` Բրազիլիայի նախկին նախագահ Ֆերնանդու Կարդոզուն, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Կոլումբիայի, Մեքսիկայի, Լեհաստանի, Պորտուգալիայի և Չիլիի նախկին նախագահները: