Բնական աճը կրճատվել է 4,5 անգամ, ծնելիությունը՝ 2 անգամ. ԱՆ պաշտոնյա

11:35 • 12.09.14

Բնական աճը (ծնելիության և մահացության տարբերությունը) Հայաստանում 1990-ական թվականների համեմատ կրճատվել է 4,5 անգամ, իսկ ծնելիությունը՝ 2 անգամ: Եթե այսպես շարունակվի, 2030 թ-ին Հայաստանը կունենա կրկնակի քիչ բնակչություն, մինչդեռ հարևան երկրներում կկրկնապատկվի մարդկանց թիվը: Այս մասին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այսօր Մայր աթոռ Սբ Էջմիածնում տեղի ունեցած «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը:


«Սա իսկապես մարտահրավեր է, և սրա վրա պետք է ուշադրություն դարձնեն բոլորը»,-հայտարարեց նա՝ նշելով, որ իրենք շատ են կարևորում ծնելիության գործակիցների միտումների անհանգստացող տվյալները. «Երկրում չունենք անգամ պարզ վերարտադրություն»:


Անդրադառնալով հղիության արհեստական դադարեցումներին՝ ԱՆ պաշտոնյան նշեց, որ դրանց թիվը շատ չի Հայաստանում, բայց 10 և ավելի անգամ ավելացել են բժշկական ցուցումներով ընդհատումները: Այդ ցուցանիշի բարձրացումը մի կողմից վկայում է պտղի խնդիրների ժամանակին բացահայտման հետ, մյուս կողմից՝ արատների աճի մասին: Իսկ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների դեմ նախարարությունն ունի պլաններ, որ սեռի մասին նախապես ինֆորմացիա չհաղորդվի ծնողին:


Գայանե Ավագյանը նաև տեղեկացրեց, որ հայ կանանց հիմնական խնդիրը շարունակում է մնալ կրծքագեղձի քաղցկեղը, նման ամեն երկրորդ դեպքը գրանցվում է բարձիթողի վիճակում: Նրա փոխանցմամբ՝ վերջին 10 տարվա ընթացքում նաև անպտղության կրկնակի ավելացում է արձանագրվել: