Գերմանիայի կառավարությունն արգելել է «Իսլամական պետության» գործունեությունը երկրի տարածքում

14:26 • 12.09.14

Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել պաշտոնապես արգելել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում: Այդ մասին հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Տոմաս դե Մեզյերը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին հայտարարել է Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետության» դեմ պայքարի համար լայն միջազգային դաշինքի ստեղծման անհրաժեշտության մասին:

 

««Իսլամական պետության» դեմ պայքարը պահանջում է վճռական և միասնական գործողություններ բոլոր նրանց կողմից, ովքեր հանդես են գալիս այլախոհների ճնշման և փոքրամասնությունների բարբարոսական ոչնչացման դեմ»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով բունդեսթագում:

 

«Մենք բոլորս, ինչ հավատի էլ պատկանենք, միասին պետք է դիմադրենք ծայրահեղականներին և իսլամիստներին»,- ասել է Մերկելը: