Իրանը կարող է դեկտեմբերից ծովախեցգետին և իշխան մատակարարել Ռուսաստան
Իրանը կարող է ընթացիկ տարվա դեկտեմբերից ծովախեցգետին և իշխան մատակարարել Ռուսաստան, ասված է Ձկնորսության հարցերով դաշնային գործակալության՝ «Росрыболовствo»-ի հաղորդագրության մեջ, գրում է ИТАР-ТАСС-ը:
Հինգշաբթի Իրանում «Росрыболовствo»-ի ներկայացուցչության ղեկավար Ռիֆատ Ասանովը ՌԴ գյուղատնտեսության նախարարության և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ներկայացուցիչների հետ համատեղ բանակցություններ է անցկացրել Իրանի գյուղատնտեսության փոխնախարար Մեհդի Հալաջիի և գյուղատնտեսական գերատեսչության միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Խուման Ֆաթհիի հետ:
Կողմերը քննարկել են ձկնորսության և ձկնաբուծության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Բանակցությունների հիմնական թեման է դարձել ռուսական շուկա իրանական ձկնեղենի մատակարարումների հարցը:
Բանակցությունների արդյունքում կողմերը միասնական կարծիքի են հանգել, որ Ռուսաստանի կողմից ոչ մի արգելք չկա իրանական արտադրանքի ներմուծման համար, և շուտով ռուսական խանութներում կարող են հայտնվել իրանական ծովախեցգետին և իշխան: Ակնկալվում է, որ մատակարարումը կսկսվի 2014 թվականի դեկտեմբերին:










