ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին «չե՛ս անելու» կարող է ասել միայն Ռուսաստանը. Աշոտ Մանուչարյան

14:34 • 12.09.14

Ռուսաստանը ապստամբն է ներկայիս աշխարհակարգի դեմ և միակն է, որ աշխարհակարգի ցանկացած գործիքի կարող է ասել՝ կա՛նգ առ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը՝ իր ասածը բացատրելով նրանով, որ Ռուսաստանն ունի այն հավասար ստրատեգիական զենքը, որն այսօր առկա է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժային կառույցներում:


«Այդ երկուսին ասել՝ «չես անելու», կարող է միայն Ռուսաստանը: Այսօր Ռուսաստանն արդեն սկսել է կիրառել, իսկ քանի որ մյուս երկրները՝ Չինաստան, Հնդկաստան և այլն, ավելի ազատ են գործում, մեծ վտանգ է առաջացել, ու այդ վտանգը չեզոքացնելու համար պետք է չեզոքացնել Ռուսաստանին»,-ասաց նա:


Աշոտ Մանուչարյանն ընդգծեց, որ աշխարհում հաստատված երկու սկզբունքներին՝ «Մարդը աշխարհ է գալիս հաճույքներ ստանալու» և «Որքան հնարավոր է շատ փող պետք է կուտակես հաճույք ստանալու համար», ավելացել է ևս մեկը՝ «Кто не скачет тот москаль»:


«Սա նշանակում է, որ ով չի թռչկոտում, նա մոսկալ է, սա ուկրաիներեն վատ իմաստ ստացած բառ է, որը նշանակում է Մոսկվա: Սա տոտալ համաշխարհային բնույթ է ստացել, որը աշխարհակարգը պահպանելու միջոց է դարձել: Սկզբում թվում էր, թե թռչկոտում են ուկրաինացի ապստամբների երեխաները, որոնց դա թույլ չի տալիս Մոսկվան, բայց երբ դա սկսեցին արտասանել Անգելա Մերկելն ու Օլանդը, մենք հասկացանք, որ մոլորակային կյանքում իրավիճակը լուրջ է:


Իրականության մեջ սա նշանակում է, որ կան երկրներ, որոնք ուզում են ներկայիս աշխարհակարգը պահպանել և կան դրա դեմ ընդվզողներ: Իրականում չգիտեմ մի պետություն, որ ուզում է այս աշխարհակարգը պահպանել: Օրինակ՝ ԱՄՆ-ն, Եվրոպան ևս դեմ են, թեև հանդես գալիս հակառակ դիրքերից: Այսօր նույնիսկ Օբաման ենթարկվում է հանգամանքներին, իսկ այդ հանգամանքները թելադրվում են մի փոքր մարդկանց խմբի կողմից, որոնց հարստությունը այդ հանգամանքներից ավելանում է, ամբողջ մյուս մարդկությունը աղքատանում է ու կորցնում լծակները»,-ասաց նա:


Աշոտ Մանուչարյանը նաև ընդգծեց, որ այսօր ինչ կատարվում է Հայաստանում, կախված է մոլորակի գործընթացների հետ:


«Դրանք ավելի են ազդում երկրի վրա, քան զուտ ներքին տրամաբանությունից բխող խնդիրները»,-ասաց նա: