Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

09:52 • 12.09.14

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, օրինագիծ է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, հաղորդում է asbarez.com-ը:

 

Օրինագիծը, որը ներկայացրել է խորհրդարանի անդամ Ֆրեդ Նայլը, նկարագրել է իրադարձությունների ընթացքը, երբ Ադրբեջանի զինված ուժերը բազմիցս լրջորեն խախտել են հրադադարի համաձայնագիրը՝ ինը հայի մահվան պատճառ դառնալով:

 

Այս օրինագծին նախորդել է 2012 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը: Նայլը և յոթ հոգուց բաղկացած խորհրդարանական պատվիրակությունը 2013-ին այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: