ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը

20:09 • 12.09.14

 

 

Սեպտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցը նպատակաուղղված էր ռազմավարական վերանայման երկրորդ փուլի ամփոփմանը և երրորդ փուլի մեկնարկի շուրջ փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը:


Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հանդիպումների ընթացքում հայկական կողմին տրամադրվել է նաև խորհրդատվություն պաշտպանության ոլորտում ղեկավարման ու կառավարման նոր մոտեցումների կիրառման, երկրի պաշտպանության գործում պետական կառավարման մարմինների ջանքերի համադրման վերաբերյալ: Խորհրդատվական խմբին ներկայացվել է ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական ինստիտուտի զարգացման ընթացքը, այս ուղությամբ ակնկալվող խորհրդատվական աջակցության առաջնահերթությունները:


Այցի արդյունքներն ամփոփելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը: Հանդիպման ընթացքում արտեկրի փորձագետները ներկայացրել են իրենց նկատառումները պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ փուլի կատարման և առաջիկա փուլի նախապատրաստման վերաբերյալ, կողմերը նախանշել են ռազմավարական վերանայման գործընթացին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի կողմից շարունակական աջակցության հետագա միջոցառումները: