Պուտինի ծննդյան օրն առաջարկվել է նշել «Քաղաքավարի մարդկանց» օրը

12:32 • 12.09.14

ՌԴ պետդումայում առաջարկել են նոր տոն հռչակել՝ «Քաղաքավարի մարդկանց» օրը: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Հանուն արդարության թոշակառուների կուսակցության առաջնորդ Իգոր Զոտովը, գրում է lenta.ru-ն:

 

Նոր տոնը նվիրված կլինի զինվորականներին, որոնք հետևել են Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի անվտանգության ապահովմանը:

 

Զոտովն ասել է, որ նոր տոնի ստեղծման գաղափարն առաջացել է բազմաթիվ քաղաքացիների դիմումներից հետո, որոնք իրենց երախտագիտությունն են հայտնել «քաղաքավարի մարդկանց» հասցեին:

 

«Ղրիմի թերակղզու բնակիչները մինչ այսօր հիշում են դիմակներով մարդկանց «լուռ նվաճումը»: Ամբողջ աշխարհը տեսել է միայն նրանց աչքերը՝ բարի, հանգիստ և մտածկոտ: «Քաղաքավարի մարդիկ» իրենց հետ խաղաղություն էին բերում: Նրանք քաղաքացիների շրջանում վստահության և պաշտպանվածության զգացողություն էին առաջացնում»,- ասվում է օրինագծի բացատրական գրառման մեջ:

 

Տոնն առաջարկվում է նշել հոկտեմբերի 7-ին՝ Պուտինի ծննդյան օրը:

 

Հիշեցնենք, որ մարտի 16-ի հանրաքվեի արդյունքներով Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին: