Եթե Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակեն, դա հետընթաց կլինի մեր երկրի համար. Դավիթ Սանասարյան

20:42 • 12.09.14

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը գտնում է, որ եթե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակեն, դա հետընթաց կլինի մեր երկրի համար։

 

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ միացել էր այն նախաձեռնողական խմբին, որը պահանջում էր Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը։ «Ես չեմ կարող ասել՝ նրա՝ մարզպետի պաշտոնում նշանակումից հետո ակցիաները կվերսկսվե՞ն, թե՞ ոչ»,-ասաց նա և նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի՝ նույնիսկ հնարավոր նշանակման մասին խոսակցություններն արդեն իսկ վտանգավոր են։

 

Դավիթ Սանասարյանը գտնում է, որ այսօր իշխանության մեջ գտնվող և պաշտոն ստացած մարդիկ Սուրիկ Խաչատրյանից ավելի լավը չեն։ «Մեծ հաշվով՝ բոլորն էլ չեն սպասարկում ժողովրդի շահը, սեփական շահերով են առաջնորդվում։

 

Իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ թքած ունեն հասարակության կարծիքի վրա։ Հուսով եմ, որ հասարակության մեջ այդ գիտակցությունը կլինի, և ավելի լուրջ արձագանք կտրվի, քանի որ քաղաքական մշակույթ է ձևավորվում»,-ասաց նա և նշեց, որ կարծում է՝ սյունեցիենը չեն համակերպվի Սուրիկ Խաչատրյանի վերադարձի հետ։