Վթարի պահին Նիվայի հետընթացի լույսերը վառվել են, արգելակմանը` ևս. փորձագետ

16:16 • 12.09.14

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատարանում հարցաքննվում է փորձագետը, ով եզրակացություն է ներկայացրել մեքենաների վիճակի վերաբերյալ:


Պաշտպանական կողմի հարցին, թե վթարի պահին Նիվա մակնիշի մեքենայի հետընթաց լույսերը վառվե՞լ են, ինչպես իր ցուցմունքում նշել է Վարդան Պետրոսյանը, փորձագետը պատասխանեց. «Պարզել ենք, որ վթարի պահին Նիվա մակնիշի մեքենայի հետընթացի լույսերը վառված են եղել և վառված են եղել նաև արգելակման լույսերը»:


Փորձագետը բացառեց նաև, որ առանց փոխանցման տուփը հետընթացի վրա դնելու վրա հնարավոր լինի, որ հետընթացի լույսերը վառվեին:


Անդրադառնալով Վարդան Պետրոսյանին պատկանող BMW մակնիշի մեքենային լույսերին, փորձագետն ասաց. «Մոտակա լույսերը միանշանակ վառվել են, ինչ վերաբերում է հեռահարին, ապա դա փորձաքննությամբ չի պարզվել»։


Հիշեցնենք, որ իր ցուցմունքում Վարդան Պետրոսյանը նշել էր, որ տեսնելով «Նիվա» մակնիշի մեքենան՝ մի քանի անգամ հեռահար և մոտակա լույսերը թարթել է, որպեսզի մեքենայի վարորդը նկատի իրեն:

Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց, որ դատարանը թույլ չտա, որպեսզի պաշտպանը գազի բալոնի վերաբերյալ որևէ հարց հնչեցնի:

«Գազի բալոնը որևէ կապ չունի երեխաների մահվան հետ, ի՞նչ է ամեն անգամ խոսում գազի բալոնի մասին»,-ասաց նա։
Նիկոլայ Բաղդասարյանն էլ իր հերթին ասաց, թե միանշանակ պնդում է, որ գազի բալոնն է եղել երեխաների մահվան պատճառ: Դատական նիստը շարունակվում է: