Այդ տաշի-տուշիները չեն արդարացնում իբր` տոնի բերկրանքն զգալու ծախսը. Ա. Բախշյանը՝ Անխախության միջոցառումների մասին

19:46 • 13.09.14

Երևանի քաղաքապետարանի «Բա´րև, Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը հնարավորության դեպքում Անկախության տոնը նշելու համար մայրաքաղաքային միջոցառումների գումարները բոլորովին այլ կերպ կծախսեր: Նա կարծում է, որ «այդ տաշի –տուշիները վաղուց այլևս արդարացված չեն»:

 

Tert.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանն ասաց.«Իշխանության փոխարեն այդ գումարն այլ կերպ կծախսեի: Դա արդեն աչք է ծակում ու չի ընկալվում: Եթե , ռազմական շքերթ լիներ, ես կասեի՝ այո´, սա շատ կարևոր է, բայց , կրկնում եմ՝ այդ տաշի-տուշիները՝ միօրինակ, նույն մարդկանցով, նույն երգերով, չեն արդարացնում այդ ծախսը»:

 

Հիշեցնենք, որ Կառավարությունը ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով մշակույթի նախարարությանը կտրամադրի 53 մլն 976 հազ. դրամ: Ինչպես նշել էր մշակույթի նախարարը՝ «լինելու է մասսայական մեծ միջոցառում՝ կատարողների ու պարային խմբերի մասնակցությամբ»:

 


Անահիտ Բախշյանը գտնում է, որ Անկախության տոնը պետք է նշել ու՝ նորովի: Հեռուսատացույցի առաջ նստած հայաստանյան հասարակության համար այդ օրը տոն դարձնելու համար պետք է, որ ամեն տարի ինչ-որ մի զգալի արդյունք արձանագրվի. «Պարտադիր չէ, որ սա հասկանանք նյութական տեսքով, որովհետև կարող է ՝ ընտանիքը սոցիալապես այնքան էլ լավ վիճակում չլինի, բայց Անկախության բերկրանքը յուրաքանյուր հայի արժանապատվությունն այնպես շոյի, այնպես խուտուտ տա, որ ինքն ասի՝ այսօր ես դժվար եմ ապրում, ոչինչ, բայց ես ունեմ ազգային արժանապատվության զգացում: Ուզում եմ ասել, որ ազգային արժանապատվության զգացման համար կարևոր հիմք է, որ երկրում լինի արդարություն, որ ամեն մարդ իր կարողություններին ու հնարավորություններին հավասար ապրի, ես չեմ ասում՝ սոցիալիստաբար, ասում եմ՝ ամեն մեկին ապրելու հավասար հնարավորություն ընձեռվի, բայց մեր իրականությունը բևեռացված է, որոշ մարդկանց հնարավորություններն անսահմանափակ են , իսկ մյուս մասը, որը մեծամասնություն է կազմում, դժվարություններ ունի օրվա հացը վաստակելու հարցում: Արդյունքում՝ անարդար, ոչ իրավական երկիր ունենք»: