Ոստիկանության գործունեության իմ գնահատականը 3+ է. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գնահատականը ՀՀ ոստիկանությանը՝ 5 բալանոց համակարգում, «3+» է:
«Ես կարող եմ գնահատական տալ ոստիկանների պատրաստակամությանը: Եթե հինգ բալանոցով հաշվենք, այսօր մենք երեք՝ մի փոքր գումարածով ենք: Ստաբիլ «3» ենք, դա հաստատ է»,-այսօր լրագրողներին ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր ղեկավարած ժամանակահատվածում ոստիկանության վարկանիշը հասարակության մոտ բարձրացել է:
Ոստիկանապետը նաև նշեց, որ ինքն չէ այն մարդը, ով գնահատական պետք է տա ոստիկանության գործունեությանը հասարակության հետ հարաբերություններում, և այդ գնահատականը ժողովուրդը պետք է տա:
Ինչ վերաբերում է ոստիկանների պատրաստվածությանը, Վլադիմիր Գասպարյանը մատնանշեց այսօր տեղի ունեցած ոստիկանության զորքերի ցուցադրական վարժանքները և ավելացրեց. «Ինչո՞ւ եմ ասում մի քիչ գումարած, որովհետև այսօր ինչ դուք տեսաք, տեսաք մի փոքր միջոցառում: Սեպտեմբերի 8-ից այստեղ տղաներն աշխատում են, ես գիտեմ այն, ինչ այստեղ չի ցուցադրվել, դրա համար այդ գնահատականը տալիս եմ: Բայց չեմ ուզում հաստատակամ ասել՝ լավ է, հենց ասեմ լավ է, կփչացնեմ, աչքս վախենում է»:
Նրա խոսքով՝ լավը այն ժամանակ է, երբ վնասվածքներ չեն լինում, եթե կան վիրավորներ, դա արդեն վատ է:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև քննչական կոմիտեի ձևավորմանը՝ նշելով, որ շատ լավ է վերաբերվում դրան: «Շատ ժամանակ շատ թերություններ որ տեղի են ունենում, հստակություն չլինելուց է: Ես գտնում եմ, որ տարանջատումը ճիշտ է, ամեն մեկն իր արած գործի համար իր մարտավարության, սկզբունքների համար պետք է պատասխան տա: Այդպես ավելի ազնիվ, տեսանելի և ճշմարիտ կլինի»,-ասաց նա:










