Հոգեմետ դեղերի հայկական անալոգները վատը չեն. հոգեբույժ
Երևան քաղաքի նախկին հոգեբույժ Հարություն Մինասյանն այն կարծիքին է, որ հոգեկան առողջության կենտրոններում համապատասխան հաշվառում ունեցող հիվանդներին տրամադրվող հոգեմետ դեղորայքի՝ Հայաստանում արտադրվող անալոգները լավն են: Ի պատասխան հարցի, թե բյուջետային ֆինանսավորման առկա ծավալներով ու հատկացումներով հնարավո՞ր է որակյալ թանկարժեք դեղորայք գնել, նա ասաց. «Բնականաբար՝ ո´չ: Նույնիսկ եթե թանկանոց էլ ձեռք բերեն, դա սխալ է, որովհետև ավելի լավ է՝ գնել էժան դեղեր և 45 հազար հիվանդներին ապահովել, քան ապահովել 100 հոգու և մյուսներին թողնել առանց դեղի: Գերադասելի է ձեռք բերել տեղական՝ մեր անալոգ դեղերը, որոնք, ի դեպ,վատն էլ չեն, նորմալ դեղեր են: Ես, օրինակ, դժգոհություն չունեմ հայկական դեղերից , և գներն էլ բավականին էժան են»:
Հիշեցնենք, որ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն օրերս բաց նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նշելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ անձինք այժմ ծանր վիճակում են պետական գնումների արդյունքում ձեռք բերված և տրամադրվող անորակ հոգեմետ դեղորայքի պատճառով:
Ըստ նրանց՝ պետական գնումների միջոցով դեռևս 2013 թվականի աշնանը ձեռք է բերվել դեղորայք, որը, ի տարբերություն նախկին դեղամիջոցի, որևէ դրական ազդեցություն չի գործել պետության հոգածության ներքո գտնվող և անվճար դեղորայք ստացող շահառուների առողջական վիճակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բացասական հետևանքներ է առաջացրել:
Իսկ առողջապահության նախարարությունն ամեն անգամ տվել է նույն պարզաբանումը, թե դեղորայքը ձեռք է բերվել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան, և նախապատվությունը տրվել է ամենամատչելի գին ունեցող դեղամիջոցին:










