Մարդասիրական օգնությամբ ռուսական 200 բեռնատար մտել է Ուկրաինա
ՌԴ Ռոստովի շրջանի «Դոնեցկ» հսկիչ-անցագրային կետում մաքսայիններն ու սահմանապահներն ավարտել են Ուկրաինայի հարավ-արևելքի համար ռուսական մարդասիրական օգնությամբ բոլոր ավտոմեքենաների ձևակերպումը, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ Հարավային մաքսային վարչության ներկայացուցիչ Ռայան Ֆարուկշինին:
Նա նշել է, որ վերջին ավտոմեքենան արդեն լքել է ՌԴ-ի կողմից մաքսային հսկողության գոտին՝ մտնելով Ուկրաինա:
Ընդհանուր առմամբ, շարասյունը կազմված է 200 բեռնատարից:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի մասնակցում շարասյան ուղեկցմանը: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երբեք պաշտոնապես տեղեկացված չի եղել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այդ շարասյան վերաբերյալ տեխնիկական պայմանավորվածությունների ձեռքբերման մասին: Հետևաբար, կոմիտեն չի մասնակցում բեռների տեղափոխմանն օգնություն տրամադրելու գործին»,- հայտարարել է կոմիտեի մամուլի քարտուղար Անաստասիա Իսյուկը:
Մարդասիրական բեռի ընդհանուր ծավալը 2.000 տոննա է: Բացի սննդամթերքից, բեռում կան էլեկտրագեներատորներ և մարդասիրական աղետի հետևանքները հաղթահարելու համար այլ անհրաժեշտ միջոցներ:
Ռուսական մարդասիրական օգնությամբ առաջին շարասյունը՝ 280 բեռնատար, հատել էր ռուս-ուկրաինական սահմանն օգոստոսի 22-ին:










