Հենց իշխանությունների համար օգտակար կլինի Մինսկից առաջ լսումներ կազմակերպելը. Հովհաննես Իգիթյան
Մինսկից առաջ հենց իշխանությունների համար շատ օգտակար կլինի լսումներ կազմակերպել Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, քանի որ հնարավոր է՝ այդ օրը հռչակվի որպես կառույցին Հայաստանի անդամակցության օր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը՝ ի պատասխան հարցի, թե որևէ օգուտ կտա՞ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք նիստից առաջ հանրային լսումների կազմակերպումը, թե՞ ինչպես ասում են՝ «գնացքն արդեն մեկնել է:
«Նախ՝ չեմ կարծում, թե գնացքն ինչ-որ տեղ մեկնել է, որովհետև բոլորին Հայաստանում պարզ է, որ ԵՏՄ-ն ու Մաքսային միությունը շինծու, սիտուատիվ երևույթներ են, որոնք կապված են կոնկրետ իրավիճակի, այլ ոչ թե Հայաստանի ռազմավարական երկարատև իրավիճակի հետ: Եվ դա նշանակում է, որ եթե փոխվեն մարդիկ, ապա կփոխվի այդ մարդկանից կամ այդ իրավիճակից բխող ռազմավարությունը: Երկրորդ՝ խորհրդարանում գտնվող և հատկապես՝ իշխանական քաղաքական գործիչները կա´մ վախենում են արտահայտել իրենց կարծիքը , կա´մ չգիտեն՝ ինչ ասել: Եվ ինձ թվում է՝ շատ օգտակար կլինի առաջին հերթին՝ արտահայտել կարծիքներ և լսել ուրիշներին: Դա օգտակար կլինի նաև գործադիր իշխանության համար, որովհետև տպավորություն է, որ բոլոր հարցերը լուծում է միայն Սերժ Սարգսյանը, և չկա որևէ մեկը, ում հետ ինքն այդ հարցը քննարկի»:
Ի պատասխան հարցի, թե Սահմանադրությամբ արտաքին քաղաքական գործընթացները երկրի Նախագահի իրավասությունն են, ՀՀՇ-ական քաղաքական գործիչը մայր օրենքը մեկնաբանեց այսպես. «Իհա´րկե, հիմնականում դա դրված է Նախագահի վրա, բայց ցանկացած քաղաքական գործիչ իր մտածելակերպով ազդում է և պետք է ազդի քաղաքական որոշումներ ընդունելու վրա: Եվ գոնե քննարկումները պետք է արվեն. խորհրդարանն այն տեղն է, որտեղ պետք է բաց ձևով քննարկվեն նման հարցերը: Ընդ որում՝ ԱԺ-ն ավելի ազատ է, քան , և ավելի քիչ է կաշկանդված, քան Նախագահն՝ իր պարտավորություններով ու անձնական հարաբերություններով»:
Այդուհանդերձ, դա ի՞նչ կտա, եթե որոշումները, միևնույն է, ընդունվում են միանձնյա: Այսինքն՝ Հովհաննես Իգիթյանը կարևորում է, որ ռուսական կողմը լսի, թե մենք ի՞նչ են մտածում այս մասին. այս հարցին ի պատասխան ընդդիմադիր քաղաքական գործիչն ասաց Բոլոր դեպքերում՝ հասարակությունն ի վերջո՝ պետք է հասկանա՝ ուր է գնում Հայաստանը: Այնպես չէ, որ հասարակությունը պետք է ապրի իր կյանքով, իշխանությունն էլ իր որոշումները կայացնի իբր՝ հասարակության ճակատագրի համար: Ու ո´չ միայն ժողովուրդը, այլև՝ բիզնես հասարակություն էլ պետք է հասկանա՝ ուր է գնում Հայաստանը, երբ է գնալու, ինչ պայմնավորվածությամբ: Հարցեր կան: Օրինակ՝ մեկ հարցի պատասխանը մինչ օրս չունենք. արդյո՞ք լուծվել է ԼՂ-ում մաքսակետ դնելու հարցը կամ 800 –ից ավել ապրանքատեսակների մաքսատուրքի հարցը: Հարցերը շատ են, որ խորհրդարանում պատգամավորները պետք է ցանկացած նախարարից ստանան, ու նախարարը ո´չ թե խուսափողական պետք է պատասխանի, այլ՝ արդեն օրենքով, Սահմանադրությամբ հաստատված ձևով պարտավոր է պատասխանել պատգամավորներին: Այնպես որ՝ թող պատասխանեն»:










