Հայաստանում մեկնարկում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիրը»
Գյումրու տեխնոպարկի բացմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ազդարարեց «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» մասին: Նա ընդգծեց, որ ծրագրի նպատակն է կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների բանակ:
«Ծրագիրն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան՝ հայալեզու կրթական համակարգով, ըստ որի՝ ուսուցիչները պետք է ստանան համապատասխան որակավորում... Նախատեսվում է, որ Հայաստանում մեկ տասնամյակի ընթացքում կրթության գերազանցության ազգային ծրագիրը կհավաստագրի շուրջ 2000 միջազգային որակավորման ուսուցիչների: Նրանք կդառնան փոփոխություններ իրականացնողներ: Կստեղծվեն դպրոցներում դասավանդման նորագույն մոտեցումների տարածումը խթանող ցանց: Կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կաջակցի Հայաստանում ողջ ուսուցչական համայնքին՝ կատարելագործելով դասավանդման բովանդակությունը և հմտությունները: Կօգնի ներդաշնակեցնելու տեղական, միջազգային կրթական չափորոշիչները և տեղայնացնելու համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում»,-ասաց նա:
Նախագահը տեղեկացրեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի և մանրամասն կխոսի ծրագրի մասին:
Ծրագրի ստեղծման գործում ավանդ ունեցած Մեսրոպ քահանա Արամյանը, ով կրթության գծով նախագահի խորհրդականն ու «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրի նպատակն է զարգացնել ու միջազգային չափանիշներին համապատասխանեցնել հայկական կրթությունը, այն ամբողջ աշխարհում մրցունակ դարձնելու համար:
«Բավականին պատրաստվել ենք այս ծրագրի համար, համաձայնություն ենք ձեռք բերել համաշխարհային, մեծահամբավ կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են Քեմբրիջի համալսարանը և Լոնդոնի կրթության ինստիտուտը: Քեմբրիջի համալսարանը աշխատում է աշխարհի 125 երկրներում և աշխարհի շատ երկրներում կրթական ռեֆորմը ամբողջությամբ իրենք են իրականացրել: Ծրագրի նպատակն է, որակյալ կրթություն ունենալ: Պարզ է, որ հզոր ապագա ունենալու համար պետք է ունենանք համապատասխան կրթություն և մարդկային ռեսուրս: Ակնհայտ է, որ դրա համար պետք է ունենանք իսկապես բարձրորակ ուսուցիչներ»,- ասաց նա:
Մեսրոպ քահանան ընդգծեց, որ ֆորմալ կրթությամբ երբենք հնարավոր չի լինի հասնել բարձր արդյունքների:
«Ինչ վերաբերում է ուսուցիչների վարձատրությանը, ապա լինելու է էական վարձատրություն, այսինքն՝ մենք այս ծրագրով ուզում ենք ասել, որ ուսուցիչը ամենակարևոր դերակատարություն ունեցող մարդն է մեր երկրում, որովհետև նրա ձեռքում է մեր ապագան՝ երեխաները: Մենք պետք է լավ վերաբերվենք ուսուցչին, բայց և պետք է պահանջենք որպես հասարակություն: Սա վերևից չի կարող պարտադրվել, հասարակությունը որակյալ կրթության պահանջատեր պետք է լինի և պետք է դասավանդեն տաղանդավոր ու նվիրում ունեցող մարդիկ»,- ասաց նա:










