Ակունք գյուղում գայլերը լուրջ վնաս են հասցրել ոչխարի մոլորված հոտին

17:13 • 14.09.14

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում գայլերը լուրջ վնաս են պատճառել ոչխարների հոտին` հոշոտելով կամ վիրավորելով մի քանի տասնյակ գլուխ ոչխար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Ակունքի գյուղապետ Արծրուն Ղարիբյանը, սեպտեմբերի 13-ին գյուղի տնտեսությունների 400 գլուխ ոչխարների հոտն արածեցնելու հերթը բաժին է ընկել համագյուղացի Գագիկ Ավագյանին, ով երեկոյան հոտը տուն բերելիս պարզել է, որ 150 գլուխ ոչխար բաժանվել է հոտից եւ մնացել սարերում:


Գիշերվա ընթացքում որոնումները գրեթե արդյունք չեն տվել, իսկ սեպտեմբերի 14-ի ցերեկվա ընթացքում ակունքցիներին հաջողվել է գտնել 20 հոշոտված ոչխար, ևս 20 ոչխար գյուղացիները գտնել են վիրավոր վիճակում: Մնացած գլխաքանակի որոնումներն առայժմ շարունակվում են: