Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն Դոնեցկում ռմբակոծության գծում է հայտնվել
ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների հարցով խորհրդի անդամ, լրագրող Մաքսիմ Շևչենկոն մեքենայով ընթանալիս կրակային հարձակման է ենթարկվել Դոնեցկում: Lenta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին կիրակի նա ինքը հաղորդել է «Զվեզդա» հեռուստաընկերությանը:
Ռմբակոծությունը տեղի է ունեցել Դոնեցկի խիտ բնակեցված Կիևյան թաղամասում: Շևչենկոն, ով քաղաք էր ժամանել որպես հրադադարի պահպանմանը հետևող դիտորդ, նշել է, որ իր մեքենայում ևս երեք մարդ է եղել: Ռումբն ընկել և պայթել է մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա:
«Մեր աչքի առաջ երկու մարդ է զոհվել, դա տեղի է ունեցել մեզնից մի քանի մետր հեռավորությամբ»,- պատմել է Շևչենկոն և հավելել է, որ կրակահերթը տեղացել է Ազգային գվարդիայի զինվորների կողմից:
Կիրակի Դոնեցկի մի քանի շրջաններ ռմբակոծության են ենթարկվել: Բացի այդ, հաղորդվում էր քաղաքային օդանավակայանի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում։










