Հարյուրավոր բեռնատարներ չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը

13:21 • 14.09.14

Ռուսաստան ուղևորվող ավելի քան 300 բեռնատարներ երեկ կուտակվել են Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռազմավրացական ճանապարհին) ճանապարհին՝ Ժինվալիի ջրամբարի շրջանում, հայտնում է Интерфакс-ը։


Վարորդների խոսքով, իրենց մեծ մասը տեղափոխում են արագ փչացող բեռ, հիմնականում՝ միրգ և բանջարեղեն, և եթե ժամանակին տեղ չհասցնեն, ապա մեծ վնասներ կունենան։


«Ես Ռուսաստան եմ տանում սունկ, սակայն արդեն մեկ օրից ավել է ստիպված եմ հերթ կանգնել, և երբ ինձ թույլ կտան անցնել, հայտնի չէ»,- պատմել է վարորդներից մեկը։


Ոստիկանության ներկայացուցիչներն ասում են , որ «այդ հարցը իրենց չի վերաբերում»։ Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունում իրավիճակը բացատրում են նրանով, որ «Կազբեկի» մաքսային անցակետում՝ վրաց-ռուսական սահմանին, չեն հասցնում տրանսպորտային մեծ հոսքը սպասարկել, քանի որ մինչ այժմ չեն հանվել մեծ բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները, որոնք սահմանվել էին Դարյալի կիրճում առաջացած սողանքների պատճառով։


«Այս շրջանում դեռևս պահպանվում է բնական աղետների վտանգը, այդ պատճառով էլ, անվտանգության նկատառումներով, շարունակում է գործել տրանսպորտային միջոցների երթևեկության արգելքը երեկոյան ժամը 6-ից մինչև առավոտյան ժամը 7-ը»,- հայտնել է նախարարության եկամուտների ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Խատիա Մոիսցրապիշվիլին։