«Էկոխնձորիստան». Արցախում էկոգյուղերի ցանց է ստեղծվում

12:10 • 15.09.14

Արցախի և Հայաստանի մի շարք նախաձեռնություններ համատեղ ջանքերով ԼՂՀ-ում ստեղծել են էկոգյուղերի ցանց, որը կոչվում է «Էկոխնձորիստան» և ներառելու է Խնձորիստան, Պատարա և Աստղաշեն գյուղերը:


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը էկոգյուղերի ցանցի ստեղծման նախաձեռնությունը համակարգող «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը նշեց, որ նախաձեռնության հիմնական նպատակն է այս երեք գյուղերում զարգացնել բնակիչների էկոկրթությունը, որպեսզի բոլոր աշխատանքներում ներգրավվի նաև համայնքը։


Նրա խոսքով՝ իրենց նպատակն է նաև զարգացնել էկոտուրիզմն ու ագրոտուրիզմը, և օրգանական գյուղատնտեսությունը, աղբի տեսակավարումն ու վերամշակումն, և վերջապես անցնել էներգախնայողութույն:


«Պետք է այստեղ արտադրող գյուղատնտեսական ապրանքը լինի առանց թունաքիմիկատների, իսկ արևային էներգիայի միջոցով պետք է փորձենք այս համայնքներում ապահովել լուսավորություն: Պետք է անենք այնպես, որ տեղում աղբը մշակվի: Պետք է փորձենք Արցախում զարկ տալ կյանքի որակի զարգացմանը, ստեղծենք պայմաններ, որ մարդիկ չհեռանան»,– ասաց նա։


«Պետք է ստեղծենք համայնքների համար այլընտրանքային շահույթի միջոցներ, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն մնալ ու զարգացնել համայնքը: Նախագծերը արդեն պատրաստ են, ներկայումս ֆինանսական խնդիրն է կարևոր լուծել, բայց գիտեք, որ այլ երկրներից գումար չենք կարող հայթայթել, քանի որ խոսքը Արցախի մասին է, բայց մենք դրամահավաքներ կկազմակերպենք»,-ավելացրեց Արսեն Գասպարյանը:


Նա նաև նշեց, որ այս երեք համայնքներում ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 80-100 հազ. դոլար: «Մենք չենք կառուցելու նոր շինություններ, ամեն ինչ փորձելու ենք իրականացնել եղածի հիման վրա, որպեսզի այս մոդելը կիրառելի լինի նաև այլ գյուղերի համար: Այս պահին նախաձեռնությանը հավաքագրվել են ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ Հայաստանից ու Արցախից և 70 անձինք»,- ասաց նա:


«Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Պետրոսյանը, ով մամուլի ասուլիսին եկել էր անմիջապես Արցախից, նշեց, որ ԼՂՀ կառավարությունը պատրաստ է աջակցել նախաձեռնությանը:


«Հանդիպել ենք ԼՂՀ վարչապետին: Նա ծրագիրը ողջունեց ու ասաց, որ ամեն կերպ կաջակցեն ծրագրին, այսինք նաև ֆինանսական որոշ միջոցներ կտրամադրվեն: Սպասում ենք, որ հոկտեմբերից ծրագիրը կսկսենք իրականացնել, ու ինչքան շատ կամավորներ ու կազմակերպություններ կոնկրետ քայլեր առաջարկեն, այնքան մեզ կօգնեն»,-ասաց նա: