Հայաստանն առաջնությունում աշխարհի 2 չեմպիոն ունեցող միակ երկիրն է, ինչը ֆանտաստիկ արդյունք է. Կարեն Գիլոյան

13:15 • 15.09.14

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը ցույց տվեց ֆանտաստիկ արդյունք՝ աշխարհի երկու չեմպիոն՝ Արսեն Ջուլֆալակյան և Արթուր Ալեքսանյան: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը։


-Կարե՛ն, երկու աշխարհի չեմպիոն՝ մեկ առաջնությունում. ի՞նչ արդյունք է սա, բացի նրանից, որ բոլորը ոգևորված ու հիացած են մեր մարզիկների ելույթներով:


- Ֆանտաստիկ արդյունք է: 8 քաշային կարգերում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկվել , 8 հավաքածու է խաղարկվել, և միակ երկիրը, որ երկու չեմպիոն ունի, Հայաստանն է: Համեմատության համար նշեմ, որ մեկական չեմպիոն ունեն Ռուսաստանը, Իրանը, Սերբիան, Հունգարիան,Ֆրանսիան:


-Շատ է խոսվում սպորտի տարբեր մարզաձևերի առումով, թե ինչ վիճակում են դպրոցները, որ չկա ֆինանսավորում , մարզիչներն արտագաղթում են: Ի՞նչ վիճակում են ըմբշամարտի դպրոցները:


-Ըմբշամարտի դպրոցներն ամենալավ վիճակում են, կամ՝ ամենալավերից մեկը: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ոչ մի միջոց չի խնայում, տարեկան մոտ 1 միլիոն 200 հազար դոլարի չափ ներդրումներ է անում: Ամեն ինչի՝ խմբակներ, մարզիկներ, մարզիչներ, հավաքականներ, դեղորայք, մրցաշարեր, ամեն ինչի վրա այդ գումարները ծախսվել են, և դրա համար էլ նման արդյունքներ են գրանցվում:Եվ այս գումարից մի մասն ուղղվում է խրախուսական համակարգերին, վերջապես, պարգևատրումներին, որպեսզի մարզիկներին տանք, որ լուրջ հաջողության հասնելու դեպքում խթան ունենան:

-Հենց այդ մասին էի ուզում հարցնել, որ Հայաստանի պետական դրոշը ծածանելն անշուշտ ոգևորիչ է, բայց, այսուհանդերձ ֆինանսական ինչ…

-Այսուհանդերձ, Հայաստանի կառավարությունն իր կողմից ունի սահմանած պատվովճար. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ իր, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան էլ ունի իր պարգևավճարը սահմանած: Վստահ եմ, որ աշխարհի չեմպիոնները կդառնան բավականին ունևոր մարդիկ: Այսինքն՝ մինչև հիմա, ով աշխարհի չեմպիոն է դարձել, պետական պարգևը ստացել է, Օլիմպիական կոմիտեի կողմից ստացել է բնակարան, դա և՛ Նազիկ Ավդալյանին է վերաբերում, և՛ Տիգրան Մարտիրոսյանին, անցած տարվա չեմպիոն Դավիթ Սաֆարյանին նաև: Ֆեդերացիան էլ իր կողմից կլորիկ գումար կտա, որը հիմա չեմ կարող հնչեցնել: Եվ սա շատ կարևոր է, այդ վերաբերմունք ցույց տալը, որ հետագայում մատաղ սերունդը նայի, իմանա, որ եթե ինքը կարողանում է իր ազգի պատիվը բարձր պահել, ուրեմն ազգն էլ իր պատիվը բարձր կպահի:


-Բոլոր մարզերում ըմբշամարտի դպրոցներ ունե՞նք:


- Ոչ բոլոր, ՀԱՕԿ-ը հիմա ծրագիր է մշակում, պատրաստվում է Սյունիքի մարզում նոր դպրոց բացել, ինչպես նաև՝ այլ շրջաններում ու Երևանում՝ Դավիթաշեն թաղամասում մեծ համալիր է կառուցվում օլիմպիական հավաքականների, որտեղ ըմբշամարտին դահլիճ է տրամադրվելու, և դա հնարավորություն է տալիս մեր հավաքականներին լավագույնս անցկացնել ուսումնամարզական հավաքներ:


-Իսկ այս տարիների ընթացքում, ըմբշամարտով զբաղվող երեխաների թիվը ավելացե՞լ է, պակասե՞լ է:


-Անկասկած, մարզվողների թիվն ավելացել է, մարզվողների որակն էլ է բարձրացել, ու եթե կար մի ժամանակ, երբ յուրաքանչյուր մեդալը մեծ հաջողություն կհամարեինք, ապա հիմա, եթե աշխարհի չեմպիոն չենք ունենում, մի փոքր տխուր ենք լինում, ընդգծում ենք, որ այս տարին ձախողված է: