Իշխանափոխության համար պահանջարկ չկա. Կարինե Աճեմյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը չի կարծում, որ երկրում իշխանափոխության տրամադրություններ կան, չնայած քառյակի՝ աշունը թեժացնելու հայտարարություններին։ Tert.am-ի հետ զրույցում Կարինե Աճեմյանը նկատեց, թե ընդդիմության կողմից նման հայտարարություններն իրենց համար նորություն չեն։
«Իհարկե հնարավոր է, որ իշխանությանն այս ամենը ներկայացնեն այնպես, ինչպես տարիներ շարունակ են ներկայացրել, իշխանափոխության փորձերի մասին, բայց ես կարծում եմ, որ պահանջարկ չկա և ամեն ինչ իր հունով գնում է։ Ես զարմանում եմ, որ նման հարց կարող է բարձրացվել, որովհետև ինքս համարում եմ, որ ծայրահեղ դեպքում է իշխանափոխություն իրականացվում, երբ որ ասենք համատարած դժգոհություններ են»,- ասաց նա։
ՀՀԿ պատգամավորը նկատեց, թե ընդդիմությունն իր օրակարգն ունի, իշխանությունը՝ իր, ՀՀԿ-ն պատրաստվում է սահմանադրական բարեփոխումների փաթեթը ներկայացնել քննարկման, ընդդիմությունն էլ «ծայրահեղ դիրքորոշմամբ է այն ներկայացնում, այդ ձևով փորձելով հասարակությանը ոտքի հանել»։ «Չնայած չեմ կարծում, որ ինչ-որ բան կստացվի»,- ասաց նա։
Կարինե Աճեմյանը հորդորում է սահմանադրական բարեփոխումները ներկայացնելուց հետո դիրքորոշում հայտնել։ «Ես խորհուրդ կտայի բոլորին սպասել և հայեցակարգի հետ ծանոթանալ, որովհետև փաստաթղթին ծանոթանալուց հետո կարող են իրենց դիրքորոշումը հայտնել, բայց երևի թե կառավարման համակարգի ընտրության հետ է կապված իրենց բացասական դիրքորոշումը, մենք հիմնավորում ենք մեր կարծիքներն ու դիրքորոշումը իրենք էլ երևի թե, կհիմնավորեն հետագայում, թե ինչու են դեմ։ Դեռ վաղ է դրա մասին խոսել, հոկտեմբերին երբ փաստաթուղթը պատրաստ կլինի, բոլորիս համար նոր հասկանալի կդառնա, որովհետև քննարկել մի բան, որը չես տեսել, այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա։










