Ժամանակն է, որ բանակցությունները բերվեն մեկ այլ մակարդակի. Ջեյմս Ուորլիք
Արդեն ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները տարվեն այլ մակարդակի, այս մասին այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով երեկ է ժամանել Վաշինգտոնից:
Ամերիկացի համանախագահն ասաց, որ Հայաստանում հանդիպելու է Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և կշարունակեն այն քննարկումը, որ սեպտեմբերին տեղի ունեցավ Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նա նաև տեղեկացրեց, որ կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Նյու Յորքում երկու շաբաթ հետո:
«Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը, գիտի, թե մենք ինչ ենք ուզում այս գործընթացում: Շատ կարևոր է, որ հայ ժողովուրդը տեղյակ լինի մեր քննարկումների մասին: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրներում էլ հասարակությունները տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում»,– ասաց նա:
«Մենք անհանգստանում ենք զենքի և զինամթերքի կուտակմամբ: Մենք անհանգստանում ենք շփման գծում տեղի ունեցած միջադեպերի համար և հասկանում ենք, որ զինադադարը պետք է հարգվի»,– ավելացրեց դիվանագետը:
Ջեյմս Ուորլիքը նշեց, որ հասկանում է, որ մարդիկ մի փոքր բարկացած են, քանի որ արդեն քսան տարի է, ինչ բանակցություններն են տեղի ունենում: «Այն պատերազմը, որ տեղի ունեցավ՝ շատ դաժան էր երկու երկրների համար, և մենք չենք ուզենա, որ այն կրկնվի: Նման կարևոր խնդրի շուրջ բանակցությունները երբեք էլ հեշտ չեն, բայց ինչպես ես եմ նշում, շատ լավ պատուհան կա հիմա»,– ասաց նա:
«Ժամանական է , որ բանակցությունները տարվեն մեկ այլ մակարդակի վրա, արդեն բավական չէ, որ նախագահները կամ արտգործնախարարները, երբեմն, հանդիպեն: Պետք է լինի պաշտոնական բանակցային գործընթաց, և դա պետք է կողմերը որոշեն, թե այն ինչպես պետք է լինի, ու մենք պատրաստ ենք նրանց աջակցելու: Մենք չենք ուզում նախանշել վերջնական արդյունք, մենք ուզում ենք, որ լինի գործընթաց, որը կտանի հարցի լուծման»,– բացատրեց նա:
Դիվանագետի խոսքով՝ շատ կարևոր է, որ երկու նախագահները հանդիպեն և շարունակեն քննարկումները, քանի որ հարցի վերջնական լուծումը կարող է լինել միայն նախագահական մակարդակի վրա և նախագահները պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց որոշումների վրա:
«Չկան այնպիսի հարցեր, որոնք չի կարելի քննարկել, մենք ուզում ենք, որ բոլոր հարցերն էլ քննարկվեն նախագահների և արտգործնախարարների մակարդակում: Մենք աշխատումն ենք կողմերի հետ, որպեսզի համաձայնության գանք այն վեց կետերի շուրջ, որոնք քննարկվեցին «Կարնեգի» հիմնադրամում: Հասկանալի է, որ դժվար է, բայց պետք է աշխատել այդ ուղղությամբ»,– շեշտեց Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը նշեց, որ երկու նախագահներն էլ միանշանակ պետք է հարգեն հրադադարը և աշխատեն, որպեսզի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած դեպքերն այլևս չկրկնվեն:
«Կողմերը պետք է հարգեն զինադադարը, քանի որ տեղի ունեցող իրադարձությունները չեն տանում այն լուծմանը, որ մենք ուզում ենք: Եթե ուզում ենք լինի հաստատուն և երկարատև խաղաղություն, պետք է վստահություն լինի հայերի և ադրբեջանցիների միջև, այդպիսով առաջընթացի կարելի է հասնել»,– ասաց նա՝ ավելացնելով, որ լրագրողների հետ նման հանդիպումներ կազմակերպվում են նաև Ադրբեջանում։
Դիտարկմանը, թե Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր ուզում են խաղաղություն, սակայն կա մեկը՝ նախագահ Ալիևը, ով չի ուզում այդ խաղաղությունը, Ուորլիքը պատասխանեց, թե համոզված է, որ երկու նախագահներն էլ ուզում են ուղի գտնել դեպի խաղաղություն և ուզում են անել այն, ինչը լավ կլինի իրենց ժողովուրդների համար: «Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում խաղաղությունը բարօրության մի նոր ալիք կբերի»,– ասաց նա:
Ջեյմս Ուորլիքը նաև ասաց, որ չի ցանկանում գուշակություններ անել, թե ինչ կարող է տեղի ունենալ երկու նախագահների՝ Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ, բայց շատ կարևոր է, որպեսզի նրանք կարողանան լուծումներ գտնել: «Խնդիրներից մեկն այն է, որ մեծ անվստահություն կա երկու կողմերի միջև, բայց պետք է նախագահները հանդիպեն, պետք է ամեն ինչ անեն, որպեսզի լուծվի այդ հարցը ևս»,– եզրափակեց ԵԱՀԿ համանախագահը:










