Քառյակը հասարակությանը չի հիասթափեցնի և առաջիկա մեկ ամսում կունենանք որակապես քաղաքական նոր իրավիճակ. Արման Մուսինյան

13:01 • 16.09.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու հեռանալ քաղաքական ասպարեզից, իսկ քառյակը, վստահ եմ, որ հասարակությանը չի հիասթափեցնի. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ ելնելով «քառյակի և հասարակության մարտական տրամադրվածությունից»: 

«Կարծում եմ՝ քառյակը կձևավորի ընդհանուր օրակարգ, Սերժ Սարգսյանի ծրագիրը՝ քառյակում ստեղծել խնդիրներ, իրականություն չեն դառնա, և առաջիկա մեկ ամսում կունենանք որակապես քաղաքական նոր իրավիճակ, իսկ Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու շանսերը կլինեն զրո»,-ասաց նա:


Իսկ թե ե՞րբ է իշխանափոխության հարցը օրակարգում դրվելու, նա խորհուրդ տվեց. «Համբերատար եղեք»:

Ըստ Մուսինյանի՝ ոչ իշխանական քաղաքական ուժերը և ընդհանրապես այս իշխանության դեմ ուժերը քաղաքական աշուն են մտնում մարտականորեն տրամադրված, իսկ իշխանությունը՝ առավել քան երբևէ թուլացած: «Որովհետև այսօր Սերժ Սարգսյանի վարչախումբը հասարակությանն առաջարկելու և երկիրը բարեկարգելու որևէ դեղամիջոց չունի և իմ համոզմամբ՝ չի էլ ուզում առաջարկել, ունի մեկ նպատակ՝ փորձել գցել իր իշխանության հիմքերը, որի համար էլ առաջ են բերել սահմանադրական փոփոխությունները»,- ասաց նա և համոզմունք հայտնեց, թե նման «պրոյեկտի իրականցումը կլինի Հայաստանի վերջը»:
 
Իսկ թե այդ դեպքում ինչո՞ւ է ԲՀԿ-ն ամբողջական իշխանափոխության հարցը շրջանցում, Արման Մուսինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մեր գործընկեր ԲՀԿ-ն, ըստ էության, արդեն տևական ժամանակ իր գործողություններով կանգնած է քաղաքական ուժերի և հասարակության կողքին և, ըստ էության, պայքարում է Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ»,-ասաց նա: 

Արման Մուսինյանն ի ամփոփումն ընդգծեց. «Լինելու է հստակ բաժանում. նրանք, ովքեր կկանգնեն Սերժ Սարգսյանի վարչախմբի կողքին որևէ պատրվակով, ի վերջո կհայտնվեն քաղաքական աղբանոցում, նրանք, ովքեր կլինեն հասարակության և քառյակի կողքին, կլինեն Սերժ Սարգսյանից ազատ Հայաստանում»: