Ամերիկյան կողմը ԼՂ խնդրի ձգձգման վտանգավորության զգացում ունի. քաղաքագետներ
Ըստ «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Հայաստանում արած հայտարարությունը՝ «Արդեն ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները տարվեն այլ մակարդակի», նշանակում է, որ ժամանակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի:
«Կարծում եմ, որ իրենք ունեն խնդրի ձգձգման վտանգավորության զգացում՝ հատկապես կապված օգոստոսի սկզբին տեղի ունեցած սահմանային իրադարձությունների հետ: Այն ժամանակ կարծես բոլորի համար ակնհայտ դարձավ, որ նման լարվածություններ հնարավոր է, որ հրահրվեն անգամ երրորդ ուժի կողմից, և որպեսզի բացառվեն նման լարվածությունները, որոնք կարող են վերաճել լայնածավալ պատերազմի, հիմա, կարծում եմ, ամերիկյան ներկայացուցիչը պնդում է, որ ժամանակն է, որպեսզի գնան խնդրի համապարփակ լուծման»,-ասաց նա:
Անդրադառնալով ամերիկացի համանախագահի այն մտքին, թե արդեն բավական չէ, որ նախագահները կամ արտգործնախարարները երբեմն հանդիպեն, և պետք է լինի պաշտոնական բանակցային գործընթաց, Աղասի Ենոքյանը նշեց, որ իր կարծիքով պետք է ստեղծվի երկկողմանի աշխատանքային խումբ, որոնց միջնորդությամբ հնարավոր կլինի խնդիրը լուծել երկարաժամկետ բանակցային գործընթացով:
«Ներկայումս բանակցային գործընթացի ընթացքում դիպվածային հանդիպումներ են լինում՝ նախարարների ու նախագահների մակարդակներով կամ հանդիպումներ Մինսկի խմբի հետ: Այսինքն՝ սա նշանակում է, որ չպետք է բավարարվել այս դիպվածային հանդիպումներով»,-ասաց նա:
Հարցին, թե կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին շրջանում ավելի ակտիվ է սկսել աշխատել ԼՂ խնդրի կարգավորման շուրջ և կարելի է սպասել զարգացումների, պատասխանեց. «Այո, Մինսկի խմբի համանախագահի հայտարարություն է սա, որով կոչ է արվում ավելի ինտենսիվ բանակցել, բանակցությունների մակարդակ փոխել: Ամբողջ հարցն այն է, թե որքանով է սա համաձայնեցված մյուս կողմերի հետ՝ նկատի ունեմ ՌԴ-ին, Հայաստանին ու Ադրբեջանին, բայց որոշակի ազդանշան կա, որ զարգացումները կակտիվանան: Կարծում եմ նաև, որ Ուորլիքի հայտարարությունը վերահաստատումն է նրա, որ պետք է գործընթացում ընդգրկված լինեն եռանախագահ բոլոր երկրները, մանավանդ որ վերջում նա էլի խոսում է առաջիկա փարիզյան հանդիպման մասին»:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ նշեց, որ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններից առաջին հերթին պետք է հասկանալ այն, որ և՛ խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու, և՛ շփման գոտում վստահության մեխանիզմներ ձևավորելու համար անհրաժեշտ է, որ բացի նախագահների ու արտգործնախարարների փակ հանդիպումներից ու նեղ փորձագիտական դաշտում հարցի քննարկումից, իրականացնել հասարակական քննարկումներ:
«Այլ խոսքով, Ուորլիքի այն հայտարարությունը, թե միայն նախագահների ու նախարարների մակարդակով հարցի քննարկումը բավարար չէ, հայտնի այն սկզբունքի մեջ է մտնում, որը բազմիցս համանախագահները ասել են՝ ժամանակն է երկու երկրների հասարակություններին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահն ուզում է ասել, որ այս բանակցային գործընթացի տարբեր կետերի մասին պետք է տեղյակ լինեն նաև հասարակական ու քաղաքական լայն շրջանակները: Սա նշանակում է, որ ավելի լայն մակարդակներով պետք է փորձել ստեղծել շփման մեխանիզմներ: Կստացվի, թե ոչ՝ սա այլ հարց է»,- ասաց նա:
Սերգեյ Մինասյանն ընդգծեց, որ շատ բան կախված է ադրբեջանական կողմից: «Երկու հասարակությունն էլ պետք է հստակ հասկանա, թե ինչ վեց կետերի մասին է միշտ խոսում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մեզ մոտ սրա մասին հաճախ է խոսվում: Կարծում եմ, որ առաջին հերթին Ադրբեջանի հասարակությունը պետք է իմանա սրանց մասին»,- ասաց նա:
Հարցին, թե ինչի հետ է կապում վերջին շրջանում ամերիկյան կողմի ակտիվությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցում, հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, պատասխանեց. «Չէի ասի, որ այդքան էլ ակտիվացել է: Թեև այսօր Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա են խնդիրներ, բայց Մինսկի խմբի շրջանակը պահպանվում ու աշխատում է, բայց չի կարելի չնշել, որ սա նաև ազդում է նրանց աշխատանքի վրա: Իհարկե, կան նաև խանդի տեսարաններ բոլոր կողմերից: Սոչիի եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ-ն միգուցե ցանկանում էր իր կողմից էլ առանձին հանդիպում կազմակերպի, և այդ խանդի տեսարանները ազդում են նաև Ֆրանսիական կողմի վրա, որը իր հեթին փորձում է խանդի տեսարաններ սարքել: Իրականում այս միջոցառումները բեկում չեն բերում գործընթացում, բայց բոլոր համանախագահների նպատակը նվազեցնելն է այն էքսկալացիան, որ առաջացել էր օգոստոսի սկզբին և գոնե փխրուն հրադադարը պահպանելու մեխանիզմներ մշակել ու պահպանել»:










