Ձկան արտահանման ծավալների աճ չկա, առաջիկայում էլ նվազում է սպասվում. Արթուր Աթոյան
Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե այս տարի ձկան արտահանման ծավալների աճ չկա, առաջիկայում էլ նվազում է սպասվում՝ պայմանավորված բնապահպանական բարեփոխումներով:
«Բնապահպանության նախարարության կողմից այնպիսի միջոցառումներ են իրականացվում, որ ձկնարտադրող տնտեսությունների արտադրական ծավալները նվազում են»,-ասաց Արթուր Աթոյանը՝ շարունակելով. «Դա ձկնարտադրողների մոտ դժգոհությունների տեղիք տալիս է, բայց նրանց ձեռքն ի՞նչ կա, անօգնական վիճակում են արտադրողները: Մենք դեռ չգիտենք, թե խնդրի լուծումը որն է, և ինչպես ենք կարողանալու հաղթահարել առաջացած խնդիրը»:
Արթուր Աթոյանի խոսքով՝ սովորաբար բոլոր զարգացած երկրներում բնապահպանական բարեփոխումներ իրականացնելիս ներկայացվում են նաև տեխնիկական պայմանները, թե ինչ միջոցներով պետք է իրականացվի, միաժամանակ՝ բարեփոխում իրականացնող մարմինը ռիսկայնությունը վերցնում է իր վրա:
«Իսկ մեզ մոտ տնտեսվարողը մնացել է անօգնական վիճակում, միայն գյուղնախարարությունն է նախաձեռնում, որ օգնի, բայց դա այնքան բարդ խնդիր է, որ դրա համար տարիներով պետք է պատրաստվել: Այդ պատճառով էլ տնտեսվարողները գնում են դեպի արտադրական ծավալների նվազեցում»,-ասաց նա՝ հավելելով, թե նոր ստեղծված տնտեսություններ կլինեն, որոնք քայքայման կգնան:










