Աշխարհի նորընծա չեմպիոնները հանդիպեցին լրագրողներին
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ընտրանու մարզիչները և աշխարհի նորընծա չեմպիոններն այսօր հանդիպեցին լրագրողներին: armsport.am-ի հաղորդմամբ՝ ասուլիսին Արայիկ Բաղդադյանից և Լևոն Ջուլֆալակյանից բացի ներկայացել էին նաև մարզչական շտաբի ու ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ:
Լևոն Ջուլֆալակյան
59 կգ քաշային կարգը Ռոման Ամոյանի համար նոր կարգ էր: Այստեղ նրան կայանալ էր պետք. բոլորս էլ գիտենք, որ քաշային նախորդ կարգում նա իրեն շատ լավ էր դրսևորում: Ամեն դեպքում, նրանից սպասելիքներ կային, սակայն չմոռանանք նաև, որ ծնկի վնասվածք ուներ:
65 կգ քաշային կարգում Միրհրան Հարությունյանն էր մեր մասնակիցը. նա արեց այն, ինչը որ կարող էր:
Ինձ ուրախացրեց Վարշամ Բորանյանը, ով ցավոք չկարողացավ արդյունքի հասնել: Վերջին գոտեմարտում նա 99 տոկոսով հաղթելու էր, սակայն արդեն 2-րդ րոպեին վնասվածք ստացավ: Նա մարտական կամք դրսևորեց, ավարտեց մենամարտը:
Ինչ վերաբերում է Արսենին, ապա նշեմ, որ ուղղակի իդեալական մարզավիճակում է: Բոլոր գոտեմարտերը բարձր մակարդակով անցկացրեց և արժանացավ իր ոսկուն:
85 կգ քաշային կարգում սպասելիքներ կային նաև Արթուր Շահինյանից, սակայն իմ դիտարկմամբ այդ կարգում սայթաքում եղավ:
98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ ուեղագույնն է այդ քաշում: Մեծ կամային հատկանիշներ ցուցաբերեց Արթուրը, ռևանշ վերցրեց իրանցի մարզիկից և եզրափակչում շատ հստակ հաղթանակ տոնեց:
130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանից դժգոհ եմ. հետագան եթե նման կերպ դասավորվի, ապա մենք մասնակից չենք ունենա քաշային այս կարգում: Մեր թիմի մասնակցությունից ընդհանուր առմամբ գոհ եմ. շնորհավորում եմ բոլորին:,- սկսեց Լևոն Ջուլֆալակյանը:
Արայիկ Բաղդադյան
Ընդհանուր մասնակցությունից ես դժգոհ եմ. մեր ամենամեծ հույսը Դավիթ Սաֆարյանն էր, ումից սպասում էին չեմպիոնության կրկնում: Նրանք խանգարեց նաև նախորդ տարվա չեմպիոնությունը, բացի այդ էլ վնասվածք ուներ, որից երկար ժամանակ ապաքինվում էր:
61 կգ քաշային կարգում Ֆրանգուլյանն էր մասնակցում, ով հենց առաջին գոտեմարտից լքեց պայքարը. նա մենամարտեց իր ուժերի ամբողջ չափով:
Մյուս տղաների մասով կասեմ այն, որ բոլորն էլ ուժերի առավելագույն չափով են մասնակցել: Ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում... բոլորն էլ ընկճված են, բոլորն էլ միտված են սխալներից հետևություններ անելուն: Մենք լավագույնս կպատրաստվենք հաջորդ առաջնությանը, որը օլիմպիական վարկանշային է:
Ես հետևություններ եմ անում մեր անհաջող մրցելույթներից, պետք է առաջ շարժվել և լավ պատրաստվել:
Մրցավարության մասին
Լևոն Ջուլֆալակյան
Ըմբշամարտի նոր կանոնները բավականին լավն են և մտածված են լավ պատրաստված ըմբիշների համար: Վստահաբար կասեմ, որ նոր կանոնները մեծապես առաջ և ավելի լավն են նախորդից: Այսկերպ մրցավարական սխալները նվազագույնի են հասնում:
Արայիկ Բաղդադյան
Ինչ խոսք, նախորդ տարիների համեմատ այժմ ամեն ինչ ավելի բարվոք վիճակում է: Մրցավարական սխալները հասցված են նվազագույնին:
Ուսումնառության վերաբերյալ
Ա. Ջուլֆալակյան
Ինչպես գիտեք, սովորում եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ասպիրանտուրայի բաժնում: Պատրաստվում եմ ավարտել համալսարանը, ապա նոր միայն կմտածեմ հետագայի մասին: Անչափ ուրախ եմ, որ ինձ հրավիրեցին հայ-սլավոնական համալսարան և ինձ շնորհեցին ինստիտուտի վարկածով տարվա մարդ կոչումը:
Ա. Ալեքսանյան
Սովորել և ավարտել եմ Գյումրու մանկավարժական համալսարանը, այժմ մագիստրատուրայում եմ սովորում. ասեմ, որ մարզումների և առաջնությունի ընթացքում հեռացել եմ ուսումից (ժպտում է):
–Ֆավորիտի դիրքը որքանո՞վ է խանգարում մրցումներից առաջ
Ա. Ալեքսանյան
Ինչ խոսք, ֆավորիտից, գործող չեմպիոնից սպասելիքներն ավելի մեծ են լինում. դա ճնշում է մարզիկին և պրոֆեսիոնալիզմ է անհրաժեշտ լավագույնս տրամադրվելու համար:
Ա. Ջուլֆալակյան
Ֆավորիտներին և առհասարակ մարզիկներին հանգստություն է անհրաժեշտ: Պետք է հոգեբանորեն պատրաստվել և միայն երազելով չգնալ գոտեմարտի: Աշխարհի այս առաջնությանը շատ հանգիստ էի մոտեցել, չափազանց հանգիստ. գուցե հենց դրա շնորհիվ էլ չեմպիոն դարձա:
-Արթուր, բավականին հանգիստ և վստահ կերպով անցկացրիր եզրափակիչ գոտեմարտը. ինչի՞ շնորհիվ:
Մարզիչները միշտ ասում են, որ աշխարհի առաջնություններում յուրաքանչյուր գոտեմարտ կարևորագույն է: Այդ փուլում ինձ միմիայն հաղթանակ էր պետք և ես գիտեի, որ հաղթելու եմ:
Եվրոպայի և աշխարհի առաջնությունների տարբերությունների վերաբերյալ
Արայիկ Բաղդադյան
Չեմ կարող ասել, որ նախորդ ստուգատեսի համեմատ մարզիկները պակաս են պատրաստվել. չկա նման բան: Բոլորն են առավելագույնս պատրաստվել են, աշխատել են... սպորտ է, և է հնարավոր չէ միշտ հաղթել: Սա թիմի պարտությունն էր, բոլորը պետք է համախմբվեն, տրամադրվեն և նայեն առաջ:
Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահներ
Հրանտ Ենոքյան
Ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ բոլոր աշխատանքներն ընթանում են պատշաճ մակարդակով: Մեզ մոտ աշխատավարձերի, պարգևատրումների հարցը լավագույնս կարգավորված է: Ֆեդերացիան միշտ առաջ է նայում և չի բավարարվելու այս չեմպիոնություններով: Մենք հենց այսօրվանից պատրաստվելու ենք հաջորդ առաջնությանը. ոչ մի ջանք չի խնայվելու և ուսումնամարզական պլանները, ծրագրերը բարձր մակարդակով կազմակերպվելու են:
Սամվել Գևորգյան
Չեն կարող լինել լավ մրցելույթներ առանց լավ ֆեդերացիայի: Այստեղ աշխատանքները շատ լավ են կազմակերպվում, մենք անընդհատ մարզիչների հետ քննարկումների գործընթացում ենք, որպեզսի ամեն ինչ հստակ լինի:
Ես ցանկանում եմ շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին: Հիշեցի մի դեպք. տարեց մի մարդ ասաց, որ նստեմ իր ուսերին և շրջի ինձ հրապարակով ու վերջում էլ հավելեց, որ նույնը փոխանցեմ Արթուրին (ժպտում է): Շատ մարդիկ են շնորհավորում, ժպտում, բարևում... մեր չեմպիոնությունները բոլորինն են,- եզրափակեց Արսեն Ջուլֆալակյանը:










