Օզոնային շերտի պահպանությունը թերևս միակ խնդիրն է, որը մարդկությունը կարողացել է քիչ թե շատ լուծել. բնապահպան

21:50 • 16.09.14

Օզոնային շերտի պահպանությունը երևի միակ խնդիրն է, որը մարդկությունը կարողացել է քիչ թե շատ լուծել, համենայն դեպս՝ լուծման ճանապարհին է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Հիշեցնենք, որ այսօր Օզոնային շերտի պահպանության օրն է։

 

«Այսօր քիչ նյութեր են օգտագործվում, որոնք ազդում են օզոնային շերտի քայքայման վրա, և արտադրության մեջ այդ նյութերը փոխարինվել են այլ նյութերով»,-ասաց Կարինե Դանիելյանը և նշեց, որ փոխարինող այդ նյութերն էլ ազդում են կլիմայի վրա, և նորից նոր նյութեր հայթայթելու խնդիր է առաջանում։

 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա բնապահպանը նշեց, որ հիմա Հայաստանի ներդրումը բացասական առումով չնչին է, քանի որ այլևս այդպիսի վնասակար արտադրություններ չունենք։ «Մենք հիմա երեք կետում ուսումնասիրում ենք օզոնի պարունակությունը, և դա Հայաստանի կողմից մեծ օգնություն է միջազգային հանրությանը, որովհետև մենք կարող ենք ցույց տալ տվյալների շարքը, թե որ թվերին օզոնային շերտը որքան է եղել»,-ասաց նա։

 

Կարինե Դանիելյանը հայտնեց, որ 90-ականներին Հայաստանի վրա օզոնային շերտը բավականին քայքայված է եղել։ «Իսկ հետո տարիների ընթացքում նախ՝ համաշխարհային գործընթացը դրական է ազդել, հետո էլ՝ Հայաստանում արտադրություն չի եղել։ Դրական շարժը ակնհայտ երևում է, և հիմա օզոնային շերտը նորմայի սահմաններում է»,-ասաց նա։