Մարզպետները քառյակի՝ մարզեր այցելելու մտադրությանը նորմալ են վերաբերում
Գեղարքունիքի և Շիրակի մարզպետները նորմալ են վերաբերում խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժի` մարզային այցելությունների մտադրությունը:
Հիշեցնենք, որ քառյակի վաղվա նիստի օրակարգում լինելու է 2 հարց՝ Երևանում հանրահավաքի օրվա և օրակարգի, ինչպես նաև՝ մարզային այցելությունների գրաֆիկի որոշումը:
Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը հայտարարել էին, որ անցկացնելու են մարզային հանդիպումներ՝ թեմայի առնչությամբ իրենց կարծիքը ներկայացնելու, ինչպես նաև՝ ժողովրդի կարծիքն իմանալու համար:
«Ես նորմալ եմ վերաբերում, ողջունում եմ կուսակցությունների նախաձեռնությունը, կարծում եմ՝ իրենք ավելի շատ պետք է արդեն իրենց մասնակցությունն ունենան, որովհետև սահմանադրական բարեփոխումներն արդեն իսկ անհրաժեշտություն են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ շեշտելով, որ քաղաքական ուժերը պետք է իրենց մասնակցությունն ունենան այդ գործընթացին:
Ինչ վերաբերում է տվյալ թեմայի շուրջ ժողովրդի հետաքրքրվածության աստիճանին՝ մարզպետը նշեց, որ դա ավելի հստակ կարող են ներկայացնել նրանք, ովքեր կգնան և այդ հարցը կքննարկեն ժողովրդի հետ: «Իհարկե՝ հետաքրքրված են»:-ասաց նա:
Մարզում քննարկումների հետ կապված առաջացող խնդիրների առումով էլ մարզպետը հիշեցրեց, որ դա ՀՀ օրենսդրությամբ կարգավորվում է, եթե մինչ ներկայանալն օրենքով սահմանված կարգով դիմեն համապատասխան մարմինների ներկայացուցիչներին, ոչ մի խնդիր չի առաջանա:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ևս նորմալ է վերաբերում նախատեսվող այցերին: «Այստեղ քննարկումներ են անցկացվել, մասնակիցները շատ ակտիվ են եղել, հետաքրքիր քննարկում է եղել: Դրանից հետո ես տեղյակ չեմ, թե ինչ է եղել»,-ասաց նա:
Հարցին, թե արդյո՞ք հավանական է, որ մարզերում արհեստական խոչընդոտներ ստեղծվեն հավաքների համար, մարզպետը պատասխանեց, որ նման բան հնարավոր չէ, այդ թեմայով որևէ խոսակցություն չի եղել:










