Եթե Սահմանադրությունը լավն է, ուրեմն կիրառվում է. Հրայր Թովմասյան

15:01 • 16.09.14

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կազմակերպած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը նշեց, որ ոչ ոք չի կարող ասել և չի էլ ասում, որ մեր խնդիրները պետք է դնել մի կողմ և զբաղվել սահմանադրական փոփոխություններով:


Նա ներկայացրեց, որ դեռ 90-ական թվականների կեսից են խոսել կառավարման խորհրդարանական համակարգի մասին: Ինչ վերաբերում է այն մոտեցումներին, որ գործող Սահմանադրությունը լավն է, պարզապես պետք է կիրառել, Հրայր Թովմասյանն ասաց. «Եթե այն լավն է, ուրեմն կիրառվում է, եթե չի կիրառվում, ուրեմն ներքին խնդիրներ ունի»։


Անդրադառնալով այն տեսակետին, որ որոշ փոփոխություններ կարելի է անել նաև գործող Սահմանադրությամբ, պարզապես քաղաքական կամք է պետք, Հրայր Թովմասյանն ասաց. «Ես չեմ ցանկանում, որ իմ երկրում ամեն ինչ բացառապես կախված լինի քաղաքական կամքից: Եթե չկա այդ կամքը միգուցե Սահմանադրությամբ հնարավոր է դա ամրագրել»:


Մասնավորապես բարեփոխումներին դեմ լինողներին Հրայր Թովմասյանը հարց բարձրացրեց. «Ինչի՞ն են դեմ, դեմ են, որ մեկ խմբակցությունը ՍԴ դիմելու իրավունք ունենա, որ մի շարք վերահսկողական պաշտոններում ընտրվող անձանց մեջ մասնակցություն ունենա նաև փոքրամասնությունը, դեմ են, որ արդարադատության խորհուրդը ավելի թափանցի՞կ աշխատի: Ես ցանկանում եմ հասկանալ, թե ինչին են դեմ»: Իսկ փոփոխությունների ժամանակավրեպ լինելու վերաբերյալ էլ ասաց, որ ոչ մի երաշխիք չկա, որ ավելի ուշ՝ մեկ կամ մի քանի տարի հետո կլինի այդ ժամանակը:


Ինչ վերաբերում է հարցումներ կատարելուն, ապա ելույթ ունեցողն ասաց, որ չի կարելի ժողովրդահաճո բաներ ասել: Նա անդրադարձավ այն դիտարկմանը, որ որևէ ժողովրդավարական երկրում Սահմանադրությունը չի փոխվում: «Այսինքն արձանագրում ենք, որ մենք ժողովրդավա՞ր են»,- ասաց նա և նշեց, որ ցանկացած առաջարկվող փոփոխություն պատրաստ են քննարկել: