Սահմանադրական փոփոխությունների հարցում տարաձայնությունների պատճառով քառյակը չի գնա գործընթացի փլուզման. Լ. Զուրաբյան

15:50 • 16.09.14

Սահմանադրական փոփոխությունների հարցում տարաձայնությունների պատճառով քառյակը չի գնա գործընթացի փլուզման, որովհետև ժողովուրդը չի սպասում սահմանադրական փոփոխությունների, այլ սպասում է սոցիալ-տնտեսական վիճակի կարգավորմանը. լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ միաժամանակ դեմ լինելով այն տեսակետի հետ, թե «Ժառանգությունը» մտափոխվել է և այս պահին երկու ուժ են միանշանակ ոչ ասում սահմանադրական փոփոխություններին՝ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն։


«Եթե ամփոփելու լինենք այսօր սահմանադրական փոփոխությունների պահանջ ունի միայն Դաշնակցությունը…«Ժառանգությունը» պայմաններ չի առաջարկում, իրենք չեն ասում` պետք է էս բանը հենց հիմա անեք…ընդամենն ասում են` խորհրդարանական համակարգին կողմ ենք, միայն այդքանը, չեն ասում, որ հիմա դա պետք է անել»,- ասաց նա։


Դիտարկմանը, թե ամեն դեպքում ասում են, որ համաձայն են այս պահին մտնել բովանդակային քննարկման, եթե իրենց երեք կետից բաղկացած պահանջը կատարեն, պատասխանեց. «Նրանք ընդամենն ասում են խորհրդարանական համակարգին մենք կողմ ենք, այդքան բան, ուրիշ բան չեն ասում, և չեն էլ ասում, որ հիմա պետք է դա անել»։
 

Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իրենց կողմից հրավիրված սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ իրենք կողմ կլինեն սահմանադրական փոփոխություններին, եթե իշխանությունները կատարեն իրենց որոշ պայմանները. Ընտրական օրենսգրքի փոփոխություն, ԱԺ-ի կողմից «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենքի ընդունում , սահմանադրական հանրաքվեից հետո բարեփոխված Սահմանադրությամբ անցկացնել համապետական ընտրություններ։


ՀԱԿ պատգամավորի համոզմամբ` «ամենամեծ բլեֆն այն է», որ փորձում են սահմանադրական բարեփոխում շղարշի տակ սահմանադրափոխություն անցկացնել. «Այսինքն՝ այս Սահմանադրությունը փոխվում է մեկ այլ Սահմանադրությամբ»։


Ըստ նրա, քառյակի հիմնական նպատակը երկուսն է. «Ժողովրդին դարձնել մասնակից քաղաքական գործընթացներին, և միասին համախմբված փորձել բարելավել վիճակը Հայաստանում»։