FB-ում ստեղծվել է Վանի հերոսամարտի նախաձեռնություն.պատմաբանը կարևորում է նման նախաձեռնությունները

21:28 • 16.09.14

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի աշխատակից, գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանը կարևորում է Վանի հերոսամարտի մասին բարձրաձայնող ցանկացած նախաձեռնության՝ ֆեյսբուքյան, թե այլ կարգի:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեկնարկած նոր նախաձեռնություն, որի անդամների ցանկությունն է՝ 2015 թվականին մեծ շուքով նշել Վանի հերոսամարտի 100-ամյակը:


«Սա կարևոր է այն առումով, որ շատերն ուղղակի այս մասին չգիտեն: Օրինակ՝ որ Վանի ինքնապաշտպանության շնորհիվ 200 հազար հայ է փրկվել: Մուսալեռում 4000-ից ավելի հայ փրկվեց, ու եթե զոհվեցին, ապա՝ զենքը ձեռքին»,-նշեց պատմաբանը, ում թեկնածուական ատենախոսությունը նվիրված է Հայոց ցեղասպանության տարիներին ինքնապաշտպանություններին:

 

Նշենք, որ տարածած հաղորդագրության մեջ նախաձեռնության հեղինակները գրում են. «2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մարդկության ու հայ ժողովրդի դեմ գործած ոճիրը դեռ չի ստացել իր արժանի գնահատականն ու հատուցումը, և ուրեմն մի ամբողջ դար չհանդարտվող արդարության մղումը պիտի բարձրաձայնվի ժամանակի ու ընկալումների նոր հանգրվանից: Սրա հետ մեկտեղ՝ մենք եղել ենք ո´չ միայն զոհ ու հալածյալ, այլև՝ դիմադրության, ուժի, հերոսության փառավոր էջեր ենք գրել նույն 1915-ի դժնդակ օրերին: Դրանցից մեկն էլ Վանի հերոսամարտն էր: Վանը մեր միասնության, կամքի, մաքառումի և հաղթանակի առհավատչյան դարձավ, այն ոգի տվեց հուսահատվածներին, թիկունք եղավ անպաշտպաններին, ճանապարհ բացեց գոյատևման երթի համար»: