Ուկրաինայի խորհրդարանը հատուկ կարգավիճակ է շնորհել երկրի արևելյան որոշ շրջանների

13:55 • 16.09.14

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, հատուկ կարգավիճակ է տրամադրել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների որոշ բնակավայրերի, հայտնում է ИТАР ТАСС գործակալությունը:

 

Երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկած համապատասխան օրենքն ընդունվել է 450 պատգամավորից 277-ի «կողմ» քվեարկությամբ: 

 

Գերագույն ռադան նաև օրենք է ընդունել, որով համաներում է շնորհում Դոնբասում ռազմական գործողությունների մասնակիցներին: Սա ևս նախագահական առաջարկ է, դրանով նախատեսվում է չհետապնդել «աշխարհազորայիններին»: Այս օրենքի համար էլ քվեարկել է 287 պատգամավոր՝ պահանջվող նվազագույն 226-ի դեպքում:

 

Քվեարկությունն անց է կացվել փակ ռեժիմով:

 

Ավելի վաղ նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել էր, որ Դոնբասի շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրինագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի մոտ ապագայում: Ըստ նրա՝ օրենքը պետք է ապահովի այդ տարածքների խաղաղ վերադարձն Ուկրաինայի ինքնիշխանությանը: