Երբ հիմնարար հարցերի շուրջ համաձայնություն չկա, նշանակում է` չկա քառյակ, կա եռյակ, երկյակ կամ վեցյակ. Ա. Վարդանյան
Քառյակի օրակարգը ձեզ հայտնի է, լրացուցիչ բաներ մի փնտրեք: Tert.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ մինչև հանրահավաք քառյակի օրակարգի և ձևաչափի փոփոխություն լինի, պատասխանեց ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ։
«Վաղը քառյակը հերթական նիստը կանի և կհայտարարի իր հերթական գործողությունների մասին, նորից ու նորից եմ ասում՝ քառյակը քառյակ է բոլոր այն դեպքերում, երբ որևէ հարցի շուրջ կա բոլոր քաղաքական ուժերի համաձայնությունը»,-նշեց նա։
Մեր հարցին՝ իսկ երբ հիմնարար հարցերի շուրջ համաձայնություն չկա, դա ինչպե՞ս պետք է հասկանալ, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Իսկ դա նշանակում է, որ չկա քառյակ, այլ կա եռյակ, երկյակ կամ վեցյակ»։
Դիտարկմանը, թե ինչի մասին հուշում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյա՞նը, ՀՅԴ պատգամավորը հակադարձեց. «Մինչև Ծառուկյանի ասելը մենք հազար անգամ այդ հարցերին պատասխանել ենք, որ քառյակը քառյակ է այն դեպքերում, երբ կոնկրետ հարցերում կա բոլորի համաձայնությունը։ Ծառուկյանն ընդամենն ամրագրել է դա իր հարցազրույցում, բայց դա եղել է քառյակի սկզբունքը, դա եղել է Դաշնակցության առաջարկած սկզբունքը»։










