Վոլոդյա Ավետիսյանի գործով Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Առաջին ատյանի վճիռը
Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով Առաջին ատյանի դատարանի վճիռը, որով վերջինս դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Այս մասին Tert.am-ին փոխանցեց ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը:
«Գործը քննեցին և վճիռը թողեցին անփոփոխ: Վճռաբեկ դատարան ենք բողոքարկելու, իսկ հետագա անելիքներն արդեն կորոշենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ազատամարտիկը մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու համար Հ. Զաքարյանից 2000 ԱՄՆ դոլար հափշտակելու համար:
Ինչպես ազատամարտիկի գործով բոլոր դատական նիստերին, այս անգամ ևս մի խումբ ազատամարտիկներ հավաքվել են դատարանի դիմաց՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի:










