Մենք չենք պատկերացնում` անհամատեղելի մոտեցումներով համատեղելի հանրահավաք անցկացնել. Արմեն Ռուստամյան
ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու չեն մասնակցելու հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք 3 ուժերի համատեղ հանրահավաքին:
Ըստ նրա՝ ՀՅԴ-ի համար միշտ են կարևորվել սահմանադրական բարեփոխումները։ «Մենք հավատավոր պաշտպանում ենք, որ երկիրը պետք է անցնի խորհրդարանական համակարգի»,-ասաց նա և ավելացրեց, թե հանրահավաքը, ակնհայտ է, որ չէր կարող շրջանցել կարևորագույն այս հարցը:
«Մենք չենք պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով համատեղ հանրահավաք անել»,-ասաց նա և նշեց, որ անիմաստ է ավելորդ դժվարացնել հանրահավաքի ընթացքը:
ՀՅԴ պատգամավորը նկատեց, թե իրենք առաջարկում էին, որ հանրահավաքը լիներ հոկտեմբերի 15-ից հետո, երբ սահմանադրական բարեփոխումների փաթեթը կներկայացվեր և իրենք էլ գնալով բանակցությունների՝ կներկայացնեին իրենց պահանջները և ընդունվելու դեպքում կորոշվեր քաղաքական մարտավարությունը:
«Դաշնակցության մոտ ավելի հստակ կլիներ 15-ից հետո, երբ պարզ կդառնար մեր առաջարկած փաթեթը կընդունվի՞, թե՞ ոչ: Ասել ենք՝ եթե մինչ այդ համատեղ հանրահավաք լինի, կարող են տարաձայնություններ առաջանալ և ավելի ճիշտ է 15-ից հետո: Մինչդեռ նրանք համարում են, որ ամեն ինչ պարզ է և խնդիր չունեն այս հարցի հետ կապած, որովհետև ամեն դեպքում դեմ են՝ «ինչի՞ սպասեմ». տրամաբանությունը սա է: Իրենք նախընտրեցին ինչքան հնարավոր է շուտ անել, որովհետև ծրագիր կա»,-ասաց նա:
Ի դեպ, պատգամավորը նկատեց, որ հետագայում եթե տեսնեն, որ իրենց հարցերը փակուղի են մտել և չստացվեց, իրենց ոչինչ չի խանգարի շարունակել համագործակցությունը քառյակի հետ:










