2008-2013 թթ. Հայաստանում գրանցվել է ծնելիության նվազում. ԱՎԾ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր կայացած ասուլիսին ներկայացրեց Հայաստանում ծնելիության և բնական աճի ցուցանիշները՝ արձանագրելով, որ 2008-2013 թվականներին երկրում գրանցվել է ծնելիության նվազում:
«1990-ական թվականներից մինչև 2001թ-ը ծնելիությունը նվազեց, հետո բարձրացավ , բայց 2011թ-ից կրկին նվազման միտումներ կան, բայց այս տարվա առաջին կիսամյակում աճ գրանցվեց. ծնելիության թիվը կազմեց 19.401»,-ասաց նա՝ նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում աճ գրանցվել է միայն 2014թ.-ի առաջին վեց ամիսներին. «Չգիտենք՝ կպահպանվի՞ այդ աճը, թե՞ ոչ»:
Բանախոսը ներկայացրեց, որ արձանագրվել է նաև մինչև մեկ տարեկան մանուկների մահացության դեպքերի աճ:
«Բացի այդ, այսօր մարդիկ ասում են՝ թող այսօր միայն մեկը լինի, մեկին լավ կրթության տանք, ապահովենք, շատ պատճառներ կան»,-ասաց նա:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ երկրում պահպանվում է բնական հավելաճ, ծնելիության դեպքերը մահվան դեպքերից շատ են, բայց մտահոգիչ է նաև այն, որ ծերերի թիվն է ավելանում:










