Գերմանիայում 30 մլն դոլար են խոստանում Դոնբասում Boeing-ի կործանման պատվիրատուների մասին տեղեկության համար

16:19 • 17.09.14

Դոնբասում մալայզիական ավիաուղիներին պատկանող Boeing-777 ուղևորատար ինքնաթիռի կործանման պատվիրատուների մասին հավաստի տեղեկության համար գերմանական մասնավոր դետեկտիվը 30 մլն դոլար է խոստանում։ Միևնույն ժամանակ, նրան վարձակալողները ցանկացել են գաղտնի մնալ, գրում է Корреспондент-ը։

 

Wifka տնտեսական հետազոտությունների բյուրոյի ղեկավար Յոզեֆ Ռեշին հանձնարարվել է պարզել, թե ովքեր են եղել ահաբեկչություն իրականացնողները և ովքեր են նրանց մինչ օրս թաքցնում։

 

Ռեշի խնդիրն է հավաքել, գնահատել և ստուգել տեղեկությունը։ Մասնավոր դետեկտիվը վստահ է, որ բարձր պարգևատրումը կստիպի հանգամանքներին ծանոթ մարդկանց արտահայտվել։ «Յուրաքանչյուրին կարելի է գնել, հարցը միայն այն է, թե ինչ գնով»,- ասել է Ռեշը։

 

Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, զոհվել է 298 մարդ: